ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ




«Մեկ քայլ առաջ» ծրագրում աջակցեցինք... 17.07.2015
Մարիամ Կասպարյանը ծնվել է 21.05.2004թ.: Երեխայի մոտ ախտորոշված է գոտկակրծքային շրջանի ողնուղեղային ճողվածք, ստորին պարապարեզ, նաև առկա է մկանային կարճացում, որի հետևանքով երեխայի ծնկները չեն բացվում և նա չի կարողանում ինքնուրույն կանգնել: Երեխան գտնվում է Հանրապետական մանկական վերականգնողական կենտրոնի հսկողության տակ, որտեղ ստանում է վերականգնողական կուրսեր: Վերականգնողական կուրսերը ավելի ամբողջական և արդյունավետ ստանալու համար անհրաժեշտ էր կանգնակ՝ 180.000 (հարյուր ութսուն հազար) դրամ արժողությամբ: «ԷԽՈ» աջակցման կենտրոնը «Մեկ քայլ առաջ» ծրագրի շրջանակում երեխային տրամադրեց համապատասխան կանգնակը:
Լսողական սարքը ճանաչել ցանկացած ձայնային իրավիճակ... 14.06.2015
Արամ Միլիտոնյանը ծնվել է 29.11.2001թ.: Ախտորոշված է երկկողմանի խլություն: 2006թ-ից օգտվել է լսողական սարքերից, որի շնորհիվ զարգացել է նրա բանավոր խոսքը: Լսողական սարքը երեխայի շրջապատի հետ հաղորդակցվելու և կրթություն ստանալու միակ միջոցն է: Այժմ նրան անհրաժեշտ է Oticon ֆիրմայի գերհզոր լսողական սարք Sumo DM, որը ունի 110 dB HL (հաճախականություն) հզորություն, որը կարող է ճանաչել ցանկացած ձայնային իրավիճակ, մեխանիկորեն ընտրել երեխայի համար առավել հարմար կարգավորումները ցանկացած պահի և ցանկացած տեղում: Դա ամենաժամանակակից տեխնոլոգիան է, որը ադապտիվորեն կարգավորում է բարձրությունը ճնշում է անցանկալի աղմուկը, օգնում է երեխային նորից լավ հասկանալ խոսքը: Իսկ Արամին անհրաժեշտ էր երկու ականջակալները միասին, որոնց արժեքը կազմում էր 460.000 (չորս հարյուր վաթսուն հազար) դրամ: Բայց քանի որ երեխայի ծնողները գտնվում են ֆինանսական ծանր վիճակում, հետևաբար ականջակալների գումարը հովանավորների շնորհիվ տրամադրեց «ԷԽՈ» աջակցման կենտրոնը:
Մեր հունիսմեկյան միջոցառումը... 04.06.2015
Հունիսի 1-ը նշանավորվել է ոչ միայն ամռան առաջին օրը լինելով, այլև երեխաների պաշտպանության միջազգային օրվա շնորհիվ: Երեխաները հասարակության խոցելի խմբերից են և պահանջ ունեն ամենօրյա ուշադրության, սիրո, պաշտպանության, և այդ հարցում մեծ է հատկապես ծնողների դերը: Հայաստանում ամեն տարի իրականացվում են տարբեր միջոցառումներ` նվիրված երեխաների պաշտպանության միջազգային օրվան, բայց հաճախ հաշմանդամություն ունեցող երեխաներն անմատչելի միջավայրի և խտրական վերաբերմունքի պատճառով դուրս են մնում: Հետևաբար «ԷԽՈ» աջակցման կենտրոնը փորձում է լրացնել այդ բացը՝ ամեն անգամ կազմակերպելով բազմաթիվ հետաքրքիր ու գեղեցիկ միջոցառումներ այն երեխաների համար, ովքեր ունեն հաշմանդամություն: Պետք է գիտակցենք, որ բոլոր երեխաները՝ այդ թվում հաշմանդամություն ունեցող, ծնվում են ազատ ու հավասար` ունենալով իրենց անհատական և ուրույն դերը: Շարունակել...
«Մեկ քայլ առաջ» ծրագրում աջակցեցինք... 15.04.2015
Ժաննա Մուրադյանը ծնվել է 03.07.2006թ.: Երեխայի մոտ ախտորոշված է ՄՈՒԿ կվադրիպլեգիա: Նա գտնվում է վերականգնողական բուժման մեջ Արբես առողջության պահպանման կենտրոնում: Ճիշտ դիրքավորման և մարմնի ճիշտ ձևավորման համար անհրաժեշտ է ձեռք բերել վերականգնողական կանգնակ, որն արժե 240,000 դրամ: Կանգնակը կնպաստի երեխայի զարգացման ճիշտ ձևավորմանը: Երեխայի մոր խոսքերով երեխային պետք է վիրահատեն, ինչից հետո կանգնակի անհրաժեշտությունն ավելի կմեծանա: «ԷԽՈ» աջակցման կենտրոնը «Մեկ քայլ առաջ» ծրագրի շրջանակում տրամադրեց երեխային համապատասխան կանգնակը:
Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվան նվիրված 03.12.2014
Այս կապակցությամբ «ԷԽՈ» հասարակական կազմակերպությունը ամեն տարի կազմակերպում է միջոցառում, որին մասնակցում են իր օժանդակության տակ գտնվող հաշմանդամություն ունեցող երեխաներն ու երիտասարդները: Այս տարի միջոցառումը տեղի ունեցավ «ԱԼԱԴԴԻՆ» մանկական ժամանցի կենտրոնում, որը վարեց Լուսինե Բադալյանը: Միջոցառումը գեղեցկացրեցին «Երգի թևեր» ոկալ դպրոց-ստուդիան և «Մոնա լաքշրի ստուդիոն», ինչպես նաև ծաղրածուներն ու հեքիաթի հերոսները: Երեխաներին ուրախացնելու և օրը ավելի հետաքրքիր դարձնելու համար կազմակերպվեցին նաև զվարճալի խաղեր: Ինչպես միշտ, այս անգամ ևս «ԷԽՈ» հասարակական կազմակերպությունը դատարկաձեռն չէր՝ հաշմանդամություն ունեցող իր 80 երեխաների համար նա պատրաստել էր անակնկալ նվերներ: Շարունակել...
MOTIVATION-ը հասավ իր այս տարվա եզրափակմանը 02.12.2014
Դեկտեմբերի 2-ին «Անի Պլազա» հյուրանոցում տեղի ունեցավ «Հաշմանդամություն ունեցող անձանց բուհական ոլորտի բարելավումը որպես մասնագիտության խթանման միջոց (Motivation)» հետազոտության արդյունքների վերաբերյալ զեկույցի ներկայացումը և ծրագրի եզրափակումը: Միջոցառումը կրում էր «MOTIVATION FINAL» խորագիրը: Օրակարգում ներկայացված էին հաշմանդամություն ունեցող անձանց բուհական ոլորտի խնդիրները, բացթողումները: Քննարկվեցին վերոնշյալ խնդիրների լուծման տարբերակները, որպեսզի դրանց հետ առնչվող հաշմանդամություն ունեցող անձը ստանա բարձրագույն կրթություն՝ լինելով հասարակության լիարժեք, լիիրավ անդամ: Շարունակել...
«Քո ընտրությամբ մի խլիր կյանք» հանրային քննարկում 01.12.2014
Դեկտեմբերի 1-ին «Անի Պլազա» հյուրանոցում տեղի ունեցավ «Սեռով պայմանավորված աբորտներն ու հաշմանդամությունը» խորագրով հանրային քննարկում: Միջոցառումը կրում էր «Քո ընտրությամբ մի խլիր կյանք» խորագիրը: Օրակարգում ներկայացված էին սեռով պայմանավորված աբորտներն ու հաշմանդամության խնդիրներին ուղղված իրականացվող քաղաքականության կիրառման հաջողություններին ու հնարավորություններին առնչվող թեմաներ՝ ի նպաստ սեռով պայմանավորված աբորտներն թվի կրճատմանը: Ինչպես նաև զուգահեռ խոսվեց ՁԻԱՀ-ի մասին, քանի որ դեկտեմբերի 1-ը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Շարունակել...
«Մեկ քայլ առաջ» ծրագրում աջակցեցինք... 23.11.2014
Նարե Աղվանյանը ծնվել է 28.01.2011թ.: Երեխայի մոտ ախտորոշված է մանկական ուղեղային կաթված՝ սպաստիկ կվադրիպարեզով, շարժողական բոլոր ֆունկցիաների ձևավորման խանգարում։ Նրա մոտ ուշ է ձևավորվում գլուխը պահելու, նստելու, կանգնելու, քայլելու կարողությունը։ Շարժողական խանգարումները բացասաբար են անդրադառնում երեխայի հոգեֆիզիոլոգիական ֆունկցիաների ձևավորման վրա։ Չեն ձևավորվում շարժման մասին ճիշտ պատկերացումները, մեծ դժվարությամբ են զարգանում տարածական պատկերացումները։ Շարժողական խանգարումների պատճառով տուժում է երեխայի ինքնասպասարկման հմտությունը, որի հետևանքով էլ այս երեխաները կյանքի առաջին տարիներից սկսած գրեթե լիովին կախվածության մեջ են լինում իրենց շրջապատող մեծերից։ Այժմ երեխան վերականգնողական թերապիա է ստանում «Հանրապետական մանկական վերականգնողական կենտրոն» ՓԲԸ-ում, բայց մարմնի ֆունկցիոնալ առաջընթացի համար անհրաժեշտ է կանգնակ՝ 120.000 դրամ արժողությամբ: «ԷԽՈ» աջակցման կենտրոնը «Մեկ քայլ առաջ» ծրագրի շրջանակում երեխային տրամադրեց համապատասխան կանգնակը:
Կրկին «Մեկ քայլ առաջ» ծրագրի շրջանակում... 25.10.2014
Հրանտ Գրիգորյանը ծնվել է 30.10.2006թ.: Երեխայի մոտ ախտորոշված է Ատոնիկ մանկական ուղեղային կաթված, որը դրսևորվում է նրանով, որ երեխան չի քայլում, հետևաբար ունի աղիքային խնդիրներ: Այժմ երեխային անհրաժեշտ է «Նուգաբեստ» NM 2500 ներքնակ և NM 30 բարձ: Ներքնակը կնպաստի օրգանիզմի նյութափոխանակության բարելավմանը և արյան շրջանառության լավացմանը: Այս սարքը շատ արդյունավետ է նաև մկանային լարվածության թուլացմանը՝ նպաստելով մկանների ճիշտ ձևավորմանը: Ներքնակն արժե 485.000 դրամ, իսկ բարձը՝ 105.000 դրամ: «ԷԽՈ» աջակցման կենտրոնը «Մեկ քայլ առաջ» ծրագրի շրջանակում երեխային տրամադրեց «Նուգաբեստ» NM 2500 ներքնակն ու NM 30 բարձը: Շնորհակալություն ենք հայտնում բոլոր հովանավորներին և անհատներին ծրագրին մասնակցություն ունենալու համար:
Սոցիալական աշխատակցի շնորհիվ... 21.08.2014
«ԷԽՈ» աջակցման կենտրոնի օժանդակության տակ գտնվող ավելի քան 200 հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ընտանիքի անդամների հետ սոցիալական աշխատակիցները շարունակ կապ են պաշտպանում: Նպատակը շահառուի ինքնուրույնության աստիճանի մեծացումն է, ինչպես նաև իր կյանքն ինքնուրույն կառուցելու ու ծագած խնդիրները լուծելու հմտությունների ձևավորումն ու աջակցությունն է։ Հերթական դիտարկման ժամանակ հայտնաբերվեց, որ 8 տարեկան Էդմոնդ Ադամյանը, ունենալով մանկական ուղեղային կաթված, չունի մահճակալ: Երեխան չի կարողանում լիարժեք նստել, քայլել, քանի որ նրա շարժողական կենտրոնը վնասված է: «ԷԽՈ» աջակցման կենտրոնը երեխային տրամադրեց մահճակալ:
Պետք չէ մոռանալ, որ պետք է աջակից լինենք... 21.07.2014
Մարի Մարջանյանը ծնվել է 27.07.2012թ.: Երեխայի մոտ ախտորոշված է դեմքի ձախ հատվածի, շրթունքի տարածուն գանգուղեղի զարգացման բնածին հեմանգիոմա: Այն մսագունդ չէ, այն ուռուցիկ գոյացություն է, որի մեջ ոչ թե ուղղակի արյուն է, այլ անոթների կծիկ: Անհրաժեշտ է Մոսկվայում կատարել ուռուցքի հեռացում վիրահատության միջոցով, քանի որ ՀՀ-ում այդպիսի տարածուն հեմանգիոմաները հնարավոր չէ վիրահատել: Ընդ որում գնալով հեմանգիոմայի չափերը տարածվում է, որը վտանգավոր է, քանի որ կարող է արյունահոսություն սկսվել և կյանքին սպառնացող հետևանքներ ունենալ: Վիրահատությունը իրականացնելու համար պակասում էր 2 մլն դրամ: «ԷԽՈ» աջակցման կենտրոնի և հովանավորների ջանքերով երեխային տրամադրվեց աջակցություն:
Մեր հունիսմեկյան միջոցառումը «Վիտամին» ակումբում... 01.06.2014
Այս տարի ևս հունիսի 1-ի կապակցությամբ «ԷԽՈ» աջակցման կենտրոնը կազմակերպել էր հրաշալի համերգ, «Վիտամին» ակումբում՝ նպատակ ունենալով ուրախ ու անմոռանալի օր պարգևել ներկա գտնվող բոլոր երեխաներին: Համերգին իրենց մասնակցությունն ունեցան ու իրենց կատարումներով հանդես եկան հայտնի ու սիրված երգիչ-երգչուհիներն՝ ամեն կերպ փորձելով ուրախացնել, հաճելի ժամանց ու բարձր տրամադրություն ապահովել: Իսկ համերգի ավարտին «ԷԽՈ» աջակցման կենտրոնի օժանդակության տակ գտնվող 100 հաշմանդամություն ունեցող երեխաները ստացան անակնկալ նվերներ: «ԷԽՈ» աջակցման կենտրոնի ողջ անձնակազմը իր խորին շնորհակալությունն է հայտնում բոլոր սրտացավ հովանավորներին ու գործընկերներին, ովքեր մեծահոգաբար աջակցում են: Նաև շնորհակալություն Վիտամին ակումբին հունիսմեկյան գեղեցիկ օրվա կայացման գործում: Շնորհակալ ենք, որ, կատարելով աստվածահաճո գործ, պարբերաբար մեր կողքին եք ու վստահում եք մեզ: Իսկ վստահությունը մեզ համար ավելին է: Շարունակել...
Ճակատագիրը չես կարող փոխել, բայց կարող ես հղկել... 28.05.2014
Գուրգեն Շաղոյանը ծնվել է 27.09.2011թ.: Երեխայի մոտ ախտորոշված է ռետինոբլաստոմա (աչքի չարորակ ուռուցք) հիվանդություն: Երեխայի մեկ աչքը հեռացվել է, իսկ այժմ մյուս աչքը պահպանելու համար հարկավոր է բուժումը իրականացնել Մոսկվայում, քանի որ այդպիսի վիրահատություն ՀՀ-ում չի իրականացվում: Վիրահատման համար անհրաժեշտ գումարից պակասում էր 1.000.000 (1 մլն.) դրամ: «ԷԽՈ» աջակցման կենտրոնը հնարավորության սահմաններում աջակցեց երեխային: Այս ամենի մասին խոսելուց պարտավոր ենք նշել, որ դեռևս 25-30 տարի առաջ ուռուցքով տառապող հիվանդների շատ մեծ զանգված ուղղակի դատապարտված էր մահվան: Այսօր մենք կարողանում ենք հասնել բարձր՝ 95 տոկոսով առողջացման, իսկ չարորակ բառը միշտ չէ, որ բնորոշում է իրավիճակը, այն դեպքում, երբ կան բարորակ համարվող բազմաթիվ հիվանդություններ, որոնց ախտորոշումը մնում է ճակատագրական: Ամեն դեպքում հավելենք, որ երբ կյանքին լավատեսորեն ու հավատով ես նայում, արդյունքը չի հիասթափեցնում:
Վերջին զանգի միակ ու անմոռանալի պահը... 23.05.2014
Էդմոնդ Շաբոյանը ծնվել է 22.01.1994թ.: Նրա մոտ ախտորոշված է ՄՈՒԿ՝ մանկական ուղեղային կաթված: Նա ունի ստորին վերջույթների շարժումների դժվարություն,  չի կարողանում քայլել, այդ իսկ պատճառով ուշ է գնացել դպրոց և այս տարի մայիսին  է  նրա Վերջին զանգը: Պետության կողմից տրամադրված  սայլակը, որը Էդմոնդը օգտագործում էր տեղից տեղ տեղափոխվելու համար, կոտրվել է: Ըստ ՀՀ կառավարության 2007 թվականի ապրիլի 12-ի N 453-Ն որոշման՝ հաշմանդամություն ունեցող մարդկանց սայլակ տրամադրվում է երեք տարին մեկ անգամ:   Էդմոնդը կկարողանա մասնակցել Վերջին զանգին, քանի որ «ԷԽՈ» աջակցման կենտրոնի և որոշ սրտացավ բարերարների համատեղ  ջանքերով գնվեց  համապատասխան 80.000 դրամ արժողությամբ  անվասայլակը: Վերջում օգտվելով առիթից՝ շնորհավորում ենք բոլոր շրջանավարտներին Վերջին զանգի կապակցությամբ՝ մաղթելով ապագայի սիրով լի երջանիկ ու հաջողակ օրեր:
«Մեկ քայլ առաջ» ծրագրում աջակցեցինք... 17.04.2014
Գարիկ Աբրահամյանը ծնվել է 11.03.2005թ.: Երեխայի մոտ առկա է ՄՈՒԿ՝ մանկական ուղեղային կաթված, հետևաբար ուղեղի վնասվածքի պատճառով չի կարողանում ճիշտ օգտագործել մարմնի որոշ մկաններ: Երեխաների մոտ նկատվում է մկանային տոնուսի բարձրացում, ինչը վերջույթների շարժման արգելակման պատճառ է դառնում: Շատ հաճախ այսպիսի երեխաներից երկար ժամանակ է պահանջվում դիրքից դիրք տեղափոխվելու կամ ձեռքով որևէ բան վերցնելու համար: Իսկ վերականգնողական թերապիա ստանալուն զուգահեռ անհրաժեշտ է վարժասարք, որն արժե 100.000 դրամ: «ԷԽՈ» աջակցման կենտրոնը տրամադրեց երեխային համապատասխան վարժասարքը:
«Մեկ քայլ առաջ» ծրագրում աջակցեցինք... 11.04.2014
Նարեկ Հարությունյանը ծնվել է 25.04.2007թ.: Երեխան ունի ՄՈՒԿ՝ մանկական ուղեղային կաթված, որն արտահայտված է մկանային չվերահսկվող ոչ կամային շարժումներով: Այս շարժումները սովորաբար շատանում և հաճախանում են անսպասելի ձայներից կամ հուզմունքից, իսկ քնած ժամանակ շարժումներն անհետանում են: Երեխաները սովորաբար դժվարանում են ֆիքսված կանգնել, քանի որ մկանային տոնը փոփոխական է, և դժվարություններ ունեն պահելու մարմնի դիրքը: Հետևաբար մարմնի ֆունկցիոնալ առաջընթացի համար երեխային անհրաժեշտ է կանգնակ՝ 120.000 դրամ արժողությամբ: «ԷԽՈ» աջակցման կենտրոնը «Մեկ քայլ առաջ» ծրագրի շրջանակում տրամադրեց երեխային համապատասխան կանգնակը:
«Մեկ քայլ առաջ» ծրագրում աջակցեցինք... 07.04.2014
Լյովա Առաքելյանը ծնվել է 04.06.2008թ.: Երեխայի մոտ ախտորոշված է ի ծնե ՄՈՒԿ՝ մանկական ուղեղային կաթված, որը արտահայտված է վերին և ստորին վերջույթների շարժումների դժվարությամբ: Երեխան ունի դժվարություն ինքնուրույն կանգնելու: Ճիշտ է ուղեղի վնասվածքը չի բուժվում, չնայած հետևանքները հնարավոր է նվազեցնել: Վաղ վերականգնողական բուժումը հնարավորություն է տալիս բարձրացնել երեխայի կարողությունները: Չկա ստանդարտ բուժում, այդ իսկ պատճառով երեխային հարկավոր էր կանգնակ՝ 120.000 դրամ արժողությամբ, որն էլ «ԷԽՈ» աջակցման կենտրոնը «Մեկ քայլ առաջ» ծրագրի շրջանակում տրամադրեց երեխային: Քայլելը կարևոր է, բայց ոչ ինքնուրույն ապրելու առաջնային նախապայման:
«Մեկ քայլ առաջ» ծրագրում աջակցեցինք... 05.04.2014
Վահե Թևոսյանը ծնվել է 22.04.2008թ.: Երեխայի մոտ ախտորոշված է սպաստիկ տետրապարեզ, շարժողական բոլոր ֆունկցիաների ձևավորման խանգարում։ Նրա մոտ ուշ է ձևավորվում գլուխը պահելու, նստելու, կանգնելու, քայլելու կարողությունը։ Շարժողական խանգարումները բացասաբար են անդրադառնում երեխայի հոգեֆիզիոլոգիական ֆունկցիաների ձևավորման վրա։ Չեն ձևավորվում շարժման մասին ճիշտ պատկերացումները, մեծ դժվարությամբ են զարգանում տարածական պատկերացումները։ Շարժողական խանգարումների պատճառով տուժում է երեխայի ինքնասպասարկման հմտությունը, որի հետևանքով էլ այս երեխաները կյանքի առաջին տարիներից սկսած գրեթե լիովին կախվածության մեջ են լինում իրենց շրջապատող մեծերից։ Անկախ շարժողական խանգարման աստիճանից այս երեխաների մոտ կարող են նկատվել հուզակամային ոլորտի, վարքի խանգարումներ: Մարմնի ֆունկցիոնալ առաջընթացի համար անհրաժեշտ է կանգնակ՝120.000 դրամ արժողությամբ: «Մեկ քայլ առաջ» ծրագրի շրջանակում տրամադրեց երեխային:
«Մեկ քայլ առաջ» ծրագրում աջակցեցինք... 02.04.2014
Գրիգոր Եղիազարյանը ծնվել է 06.09.2008թ.: Երեխայի մոտ ախտորոշված է ՄՈՒԿ`մանկական ուղեղային կաթված, կենտրոնական նյարդային համակարգի ախտորոշում, որի ժամանակ ախտահարվում են գլխուղեղի շարժողական գոտիները և շարժումն իրականացնող ուղիները։ Ախտահարվում է նաև կամային և ոչ կամային շարժումները կարգավորող մեխանիզմների փոխազդեցությունը։ Մկանային կառավարման և կեցվածքի ճիշտ ձևավորման համար անհրաժեշտ է կանգնակ`120.000 դրամ արժողությամբ: «ԷԽՈ» աջակցման կենտրոնը «Մեկ քայլ առաջ» ծրագրի շրջանակում տրամադրեց երեխային:
Խիղճն է մարդասիրության աղբյուրը… 21.03.2014
Ռուբեն Թանգյանը ծնվել է 29.07.2008թ: Ախտորոշված է երկկողմանի սենսոնեվրալ խլություն, մնացորդային լսողություն:Երեխան կարիք ունի Safari 900 SP լսողական սարքի մեկ հատ, որի արժեքը կազմում է 432.000 դրամ: Նա չի կարող ինքնուրույն տիրապետել խոսքին, հետևաբար աստիճանաբար դառնում է ոչ խոսուն: Խուլ երեխաների մեծ մասն ունի մնացորդային լսողություն, ինչը թույլ է տալիս նրանց ընկալել միայն շատ բարձր ձայները: Լսողական տպավորությունների անբավարարությունն աղքատացնում է երեխայի ներաշխարհը: Նրա զարգացմանն առավել վնաս է հասցնում խլության ստեղծած արգելքը՝ տիրապետել բանավոր խոսքին որպես հաղորդակցման և շրջապատող աշխարհի ճանաչման միջոց, որպես մտածողության գործիք: Որքան շուտ է երեխային ուսուցանվում բանավոր խոսքը՝ մնացորդային լսողության և շրջապատողների շուրթերից կարդալու ունակության օգտագործմամբ և զարգացմամբ, այնքան քիչ է հոգեկան զարգացումը շեղվում նորմայից: «ԷԽՈ» աջակցման կենտրոնի ջանքերով երեխան այժմ ունի անհրաժեշտ լսողական սարքը, որը կնպաստի նրա լսողությանը և խոսքի զարգացմանը:
Կրկին պետական պատվերի լուծում… 12.03.2014

Պետական պատվերի խնդիրների պատճառով է, որ դժվար թե գտնես հաշմանդամություն ունեցող որևէ անձ, ով գոհ կլինի պետական պատվերով ստացված ծառայություններից և ով հավելյալ գումարներ տված չի լինի բուժաշխատողներին իրեն բարեխղճորեն բուժելու համար: Սա արատավոր և կոռուպցիոն մեխանիզմ է:

Վահե Վարդանյանը ծնվել է 30.05.2005թ.: Երեխայի մոտ ախտորոշված է ոսկրային դիստրալ կծվածք, ոսկրային բաց կծվածք, վերին ծնոտի V-աձև նեղացում, շնչառական և ծամողական ֆունկցիայի խանգարում, լեզվի պարաֆունկցիա: Անհրաժեշտ է շտապ օրթոպեդիկ բուժում, որն օրթոպեդիկ սարքերի և ատամնատեխնիկի կողմից կատարված աշխատանքի հետ արժե 194.000 դրամ: «ԷԽՈ» աջակցման կենտրոնը Արարատի մարզպետարանի հետ համատեղ նպաստեցին երեխայի բուժումը իրականացնել պետական պատվերի շրջանակներում:

Օգնություն անապահով ընտանիքներին… 21.02.2014
Ամբողջ աշխարհում հաշմանդամություն ունեցող անձինք առողջապահական, կրթական և տնտեսական բնագավառներում մասնակցության համեմատաբար ցածր և աղքատության ավելի բարձր ցուցանիշներ ունեն: Բացառություն չի կազմում Հայաստանը, որտեղ համեմատաբար ավելի բարձր է ցուցանիշը, հետևաբար չպետք է ձեռնապահ մնալ: Սույն թվականի փետրվարի 20-ին «ԷԽՈ» աջակցման կենտրոնը իր օժանդակության տակ գտնվող հաշմանդամ և սոցիալապես անապահով երեխաների ընտանիքներին տրամադրեց մարդասիրական օգնություն՝ նվերներ և սնունդ: Տարիներ շարունակ «ԷԽՈ» աջակցման կենտրոնի նախաձեռնությամբ մարդասիրական օգնության տասնյակ նախագծեր են իրականացվում՝ ի նպաստ հաշմանդամ և սոցիալապես անապահով երեխաների ընտանիքնեին:
Սիրեք ձեզ ուրիշների մեջ… 24.12.2013
Հակոբյան Ահարոնը ծնվել է 20.03.1996թ: Նրա մոտ ախտորոշված է ստորին վերջույթների պարապարեզ: Նա բնակվում է Գավառում և մինչ այժմ վերականգնողական որևէ կուրս չի ընդունել, քանի որ համապատասխան վերականգնողական կենտրոն չկա: Տանը բուժում կազմակերպելու համար խորհուրդ է տրվում օգտվել հեծանիվ-մարզասարքից՝ 120.000 դրամ արժողությամբ, որը թույլ կտա ուժեղացնել մարմնի ստաբիլազատորները և ճիշտ ռեժիմի դեպքում ձեռք բերել ճկուն մկանային մարզավիճակ, որն էլ հետագայում կնպաստի ինքնուրույն քայլելուն: «ԷԽՈ» աջակցման կենտրոնը  տրամադրեց համապատասխան մարզասարքը, որը կնպաստի նրա ապաքինմանն ու վիճակի կայունացմանը: Սիրեք ձեզ ուրիշների մեջ, քանզի կյանքն ուրիշների մեջ է և առանց ուրիշների այն ոչինչ է:
«ԷԽՈ» կենտրոնը նշեց հաշմանդամենրի միջազգային օրը... 03.12.2013
Դեկտեմբերի 3-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես հաշմանդամների միջազգային օր: 1992թ. ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան դեկտեմբերի 3-ը հռչակել է Հաշմանդամների միջազգային օր` նպատակ ունենալով պաշտպանել նրանց արժանապատվությունը, ապահովել նրանց լիակատար ինտեգրումը հասարակության մեջ: «ԷԽՈ» աջակցման կենտրոնը ավանդաբար մեծ սիրով ու պատրաստվածությամբ է նշում այս օրը` այս անգամ «Վիտամին» ակումբում: Հետաքրքիր ժամանցը ապահովեցին բոլորիս կողմից սիրված երգիչ-երգչուհիներն իրենց գեղեցիկ կատարումներով, իսկ վերջում «ԷԽՈ» աջակցման կենտրոնի հովանավորության տակ գտնվող հաշմանդամ երեխաներից 71-ը ստացան հաճելի նվերներ: Օրը լի էր անակնկալներով, հյուրասիրությամբ, նվերներով: «ԷԽՈ» աջակցման կենտրոնի ողջ անձնակազմը իր խորին շնորհակալությունն է հայտնում բոլոր հովանավորներին ու գործընկերներին, ովքեր վստահում են մեզ: Իսկ վստահությունը մեզ համար ավելին է: Շարունակել...
1 2 3

Լինելով յուրովի իր տեսակով, բնույթով ու խառնվածքով`մեզանից յուրաքանչյուրը լույս աշխարհ է գալիս մի որևէ նպատակով ու առաքինությամբ: Եվ կարևոր չէ նա հաշմանդամ է, թե ոչ, կարևորը անձի էությունն է, սրտի մեծությունն ու մարդկային որակը: Ցավալին հոգու հաշմանդամությունն է` առողջ մարդու հոգևոր հիվանդությունը…

Դեկտեմբերի 3-ը հաշմանդամների միջազգային օրն է, որը հաստատվել է ՄԱԿ-ի կողմից 1992 թվականին: 2010 թվականին Հայաստանը ստորագրել ու վավերացրել է ՄԱԿ-ի կոնվենցիան, որով պարտավորություններ է ստանձնել ստեղծել պայմաններ հաշմանդամների իրավունքների պաշտպանության և հավասար իրավունքներ ստեղծելու մասին: Ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի տարբեր մասերում կան հաշմանդամություն ունեցող անձինք, որոնք ունեն բազմաթիվ խնդիրներ: Այդ խնդիրները վերաբերվում են մեզանից յուրաքանչյուրին, հատկապես նրանց, ովքեր ամեն անգամ աչք են փակում`ցանկանալով չտեսնել ու չլսել: Իսկ իրականում պետք է ոչ միայն նկատել, այլև օգնել, ձեռք մեկնել, քանզի ոչ ոք ապահովագրված չէ հաշմանդամ լինելուց:

2012թ. դեկտեմբերի 3-ին`հաշմանդամների միջազգային օրը, Մասիս քաղաքի «Մորենա» ռեստորանային համալիրում տեղի ունեցավ հաշմանդամ երեխաներին նվիրված համերգային հետաքրքիր միջոցառում: Տաղանդավոր երգիչների ուրախ երգերի ուղեկցությամբ կազմակերպվեցին խաղեր`երեխաներին պարգևելով ուրախ տրամադրություն ու անմոռանալի վայրկյաններ: Ինչպես միշտ «ԷԽՈ» ՀԿ թիմը ջանք ու եռանդ չխնայեց երեխաներին ուրախացնելու և նրանց օրը գեղեցկացնելու համար: Ողջ աշխատակազմը` հոգատարությամբ ու ջերմությամբ լի, ամեն կերպ ջանում էր երեխաների օրը տոն դարձնել`նրանց անուշիկ դեմքին գեղեցիկ ժպիտ նկարելով: Վերջում բոլոր երգիչները ստացան շնորհակալագրեր, իսկ 50 հաշմանդամ երեխաներին բաժանեցին նվերներ: Դրան էլ հաջորդեց ծնողների շնորհակալական խոսքը ուղղված «ԷԽՈ» ՀԿ թիմին ու բոլոր հովանավորներին:

«ԷԽՈ» ՀԿ թիմն էլ իր հերթին իր շնորհակալական խոսքն է հայտնում բոլոր հովանավորներին ու գործընկերներին աջակցության համար:



Обновлен 17 июл 2015. Создан 15 окт 2011



Գործուն և նպատակային այսօրն է պայմանավորում ապագան: Ապագա, որին հասնելու համար մեզանից յուրաքանչյուրն, անգամ փոքր, իսկ ցանկության դեպքում` կարող է հնարավորինս սատար լինել նմանատիպ հոգսերով երեխաներին: Դու ևս կարող ես քո մասնակցությունն ունենալ հերթական ամսվա հրատապ ծրագրի իրականացմանը:

Գուցե դո՞ւ ես նրանցից մեկի աջակիցը…

ՄԱՍՆԱԿՑԻ՛Ր
Լրահոս

Տեսադարան
Մեր թիմի գործունեությանը կարող եք հետևել Ձեր իսկ նախնտրած սոցցանցերում
Անդամագրվելով ցանկացած սոցցանցերից մեկում և միանալով մեր խմբին՝ կկարողանանք քննարկումների և բանավեճերի միջոցով գտնել շատ հարցերի լուծումներ, որոնք փոքր-ինչ կթեթևացնեն մեր մտածմունքները, իսկ դուք կտեղեկանաք նորություններին և իրադարձություններին:
YOUTUBE FACEBOOK
TWITTER RSS BLOG WEBMAIL
top
«ԷԽՈ» ՀԿ © 2008 - 2014 | Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված ծրագրերը և մեդիա նյութերը պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին ՀՀ օրենսդրությամբ: Առանց «ԷԽՈ» ՀԿ թույլտվության արգելվում է տեղադրված ծրագրերի և մեդիա նյութերի վերարտադրումը, տարածումը, հարմարեցումը, այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը: