Նիք Վույիչիչ. անվերջույթ լեգենդ




Նիք Վույիչիչ. անվերջույթ լեգենդ...  Հոդվածներ

 

Պատկերացրու՝ ծնված լինեիր առանց ձեռքերի: Չկարողանայիր որևէ մեկին երբևէ գրկել: Որևէ բանի հպվել: Ճանճ քշել: Դուռ բացել: Կամ պատկերացրու՝ ոտքեր չունենայիր: Չկարողանայիր քայլել, վազել: Պարել: Կամ ուղղակի՝ կանգնել երկու ոտքի վրա: Հիմա միացրու այդ երկու սցենարը՝ ոչ ձեռք ունենայիր, ոչ ոտք: Ի՞նչ կանեիր: Ո՞նց կսկսվեր օրդ: Ի՞նչ կփոխվեր կյանքումդ:
Ծանոթացիր՝ Նիք Վույիչիչ: 29 տարեկան է, սերբ, Ավստրալիայում է ծնվել-մեծացել: Ծնվել է առանց վերջույթների՝ ոտքերի ու ձեռքերի: Բժիշկները դրան որևէ բացատրություն չեն կարողացել տալ:
Ծնողներին մի քանի ամիս է պահանջվել՝ կատարվածը գիտակցելու և ընդունելու համար: Արել են ամեն ինչ, որպեսզի Նիքն իրեն լիարժեք մարդ զգա: Նիքն առաջին հաշմանդամ երեխան է եղել Ավստրալիայում, ում, ծնողների ջանքերով, հնարավորություն է տրվել սովորել հանրակրթական դպրոցում: Դժվար չէ կռահել, որ դպրոցական կյանքի ընթացքում նա ստիպված է եղել շատ ավելին հաղթահարել, քան ես ու դու: 7 տարեկանում Նիքի համար հատուկ էլեկտրոնային ձեռքեր են պատվիրել, որոնցից նա կարճ ժամանակ անց հրաժարվել է՝ ծանր էին ու ավելի էին դժվարացնում առանց այն էլ հեշտ չտրվող շարժումները:
8 տարեկանում Նիքը փորձել է ինքնասպան լինել տան լոգարանում: Իր խոսքերով՝ դրանից հետո է փոխվել կյանքի իր ընկալումը: Սկսել է ելք փնտրել իրավիճակից, բայց ոչ կյանքի հակառակ կողմում, այլ կյանքի մեջ: Ամենօրյա գործողություններից է սկսել, որոնց իրականացումը մեր գիտակցության մեջ ձեռքերի կամ ոտքերի պարտադիր ներգրավվածություն է ենթադրում՝ ատամները լվանալ, սանրվել, համակարգչից օգտվել, զբաղվել լողով ու այլ սպորտաձևերով:
Հիմա Նիքը ԱՄՆ-ում է ապրում և նախագահում է «Attitude is Altitude» (Վերաբերմունքը բարձրություն է) բարեգործական հասարակական կազմակերպությունը: Նիքի գաղափարախոսության հիմնական մասն է. վերաբերմունքն է պայմանավորում գոյություն ունեցող հանգամանքների զարգացումը, խոչընդոտները պետք է ընկալել ոչ թե որպես խնդիր, այլ մարտահրավեր, հնարավորություն՝ դրանք հաղթահարելու ու առաջ գնալու:
Իր տարիքի ամեն «լիարժեք» մարդ չէ, որ կարող է համեմատվել Նիքի հետ՝ ձեռքբերումներով, կայացածությամբ ու կամքի ուժով: Հիմա Նիքը ճամփորդում է աշխարհի երկրներով գրեթե անդադար, հանդիպում է դպրոցականների, ուսանողների, գործարարների, եկեղեցականների, քաղաքական գործիչների հետ, կիսում իր փորձը: Միայն այս տարվա ընթացքում Նիքի այցելությունների ժամանակացույցը 20 երկիր է ընդգրկում:
Գրելու շատ բան Նիքի մասին չկա: Բավական է դիտել այս տեսանյութերը: Զարմանալի է, բայց նրան նայելիս դիսկոմֆորտ կամ խղճահարություն չես զգում, այլ հիացմունք: Լուսավոր աչքերով ու հրաշալի հումորի զգացումով այս շատ համակրելի երիտասարդին անհնար է չսիրահարվել: Նայում ես ու ամաչում բոլոր նվնվոցներիդ, դժգոհություններիդ ու ծուլությանդ համար: Գիտակցում, թե ինչքան մեծ են հնարավորություններդ ու դրանց ինչ չնչին հատվածն ես մինչ օրս օգտագործել: Համենայն դեպս, լավ է, որ կյանքի հանդեպ վերաբերմունքդ վերանայելու համար դեռևս շատ ուշ չէ:



Обновлен 12 окт 2013. Создан 25 янв 2012



 

Գործուն և նպատակային այսօրն է պայմանավորում ապագան: Ապագա, որին հասնելու համար մեզանից յուրաքանչյուրն, անգամ փոքր, իսկ ցանկության դեպքում` կարող է հնարավորինս սատար լինել նմանատիպ հոգսերով երեխաներին: Դու ևս կարող ես քո մասնակցությունն ունենալ հերթական ամսվա հրատապ ծրագրի իրականացմանը:

Գուցե դո՞ւ ես նրանցից մեկի աջակիցը…

ՄԱՍՆԱԿՑԻ՛Ր
Լրահոս

Տեսադարան
Մեր թիմի գործունեությանը կարող եք հետևել Ձեր իսկ նախնտրած սոցցանցերում
Անդամագրվելով ցանկացած սոցցանցերից մեկում և միանալով մեր խմբին՝ կկարողանանք քննարկումների և բանավեճերի միջոցով գտնել շատ հարցերի լուծումներ, որոնք փոքր-ինչ կթեթևացնեն մեր մտածմունքները, իսկ դուք կտեղեկանաք նորություններին և իրադարձություններին:
YOUTUBE FACEBOOK
TWITTER RSS BLOG WEBMAIL
top
«ԷԽՈ» ՀԿ © 2008 - 2014 | Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված ծրագրերը և մեդիա նյութերը պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին ՀՀ օրենսդրությամբ: Առանց «ԷԽՈ» ՀԿ թույլտվության արգելվում է տեղադրված ծրագրերի և մեդիա նյութերի վերարտադրումը, տարածումը, հարմարեցումը, այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը: