ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԷՋ 3



Հունիսի 1-ը կրկին «ԷԽՈ» ՀԿ թիմի հետ... 01.06.2012

Հունիսի 1-ը միշտ մեծ տոն է եղել բոլոր մանուկների համար, քանի որ այդ օրը ծնողները ևս մեկ անգամ հիշում են իրենց պարտականությունները` պարգևել երեխաներին ուրախ և անհոգ մանկություն, ընտանեկան ջերմ և երջանիկ մթնոլորտ, քանզի բոլոր երեխաներն էլ պետք է մեծանան առողջ ընտանեկան միջավայրում: «ԷԽՈ» ՀԿ թիմը, ինչպես ամեն տարի, այս տարի ևս մեծ շուքով և պատրաստակամությամբ նշեց հունիսի 1-ը՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը: Եւ այսպես, կայացավ «ԷԽՈ» ՀԿ բարեգործական համերգային շոու-ծրագիրը, որը տեղի ունեցավ Մասիս քաղաքի Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական դպրոցի մեծ համերգասրահում: Մեր կազմակերպության յուրաքանչյուր բարեգործական համերգային ծրագիր իր առջև ունի գերագույն նպատակ՝ մի քանի ժամով կտրել երեխաներին և նրանց ծնողներին առօրյա միջավայրից: Համերգին ներկա էին մեծ թվով հյուրեր, մեր հովանավորներն ու անհատ բարերարներ: Հնչեցին շնորհավորական խոսքեր մեր բոլոր երիտասարդ երգիչ-երգչուհիների կողմից, ովքեր իրենց կատարումներով աշխույժ պահեցին հանդիսատեսին մինչև համերգի վերջ: Համերգային ծրագիրն ավարտվեց 120 թվով երեխաների՝ նվերների բաժանումով, իսկ ամենավերջում սպասվում էր անակնկալ ֆուրշետային հյուրասիրություն մեր շահառուների համար: Թող աշխարհի բոլոր մանուկները մեծանան ընտանիքներում, ստանան ծնողների ջերմությունն ու սերը, և իրենց վառ աչուկներով լուսավորեն մեր մոլորակը, ամեն օր ավելի ու ավելի ամուր կանգնեն հողի վրա և դառնան ապագայի լուսավոր կերտողներ: Դիտել տեսանույթը...

Աղմկոտ մանկություն քեզ, սիրելի փոքրիկ... 18.05.2012
Իսահակ Խաչատրյան՝ 04.10.2008թ.: Ախտորոշումը՝ երկկողմանի սենսոնևրալ ծանրալսություն, (չորրորդ աստիճանի), խոսքի բացակայություն: 18.11.2011թ. «Էրեբունի» ԲԿ քիթ-կոկորդ-ականջի հիվանդությունների բաժանմունքում ընդհանուր անզգայացման տակ կատարվել է վիրահատություն՝ կոխլեար իմպլանտացիա: Հաշվի առնելով, որ երեխան ապրում է սոց.անապահով ընտանիքում, ընդառաջելով ծնողներին, բժշկական կենտրոնը տեղադրել է սարքը՝ հետագայում վճարելու ակնկալիքով: Հետվիրահատական ռեաբիլիտացիոն ծրագրի մեկ տարվա գումարը, որը կազմում է 3.000 euro, ծնողները ի վիճակի չլինելով վճարել դիմել են «ԷԽՈ» ՀԿ: Մեր աշխատակիցները, եռամսյա հոգատար և տքնաջան աշխատանքների արդյունքում, կարողացան ձեռք բերել ամբողջ ծրագրի գումարը:
Քայլ առաջ դեպի առողջ ապագա... 28.04.2012
Անի Դավթյան՝ ծնված 25.09.1994թ.: Ախտորոշումը՝ հոջկինի լիմֆոմա, որը լիմֆոտիկ հանգույցների բորբոքում է: 2012թ. մինչ օրս բուժման մեջ է «Մուրացան» համալսարանական կլինիկայում: Նախատեսված է 8 կուրս քիմիոթերապիական բուժում: Վեցերորդ կուրսից հետո կարիք ունի PET հետազոտության, որն անհրաժեշտ է ընթացիկ բուժման էֆեկտիվությունը որոշելու նպատակով: Ծնողի դիմում-խնդրանքի հիմքով, ըստ որի հարկավոր է հետազոտության արժեքը՝ մոտ 265.000դր. և ճանապարհածախսը՝ մոտ 175.000դր., հաշվի առնելով, որ իրոք այդ հետազոտությունն անհրաժեշտ և հրատապ է Անիի համար և դրանից է կախված, թե բուժումն ինչ արդյունք կտա, կրկին դիմելով շատ պետական և ոչ պետական կառույցների, կազմակերպությունների և անհատների, կարողացանք աջակցել Անիին՝ հետազոտության և ճանապարհածախսի հարցում( ի դեպ ճանապարհածախսը և Անիի և ծնողի համար):
«ԷԽՈ» -ն քո կողքին... 07.05.2012
Արզուման Օհանյան՝ ծնված 11.10.1995թ. Կլինիկական ախտորոշումը՝ լիմֆոմա, 4-րդ շրջան`լեյկեմիտացիայով: Բուժումը ստանում է «Մուրացան» համալսարանական կլինիկայում: Երեխան կարիք ունի միջնորմի բիոպսիայի, որի համար ծնողի ֆինանսական միջոցներին չի բավականացնում ընդամենը 150.000դր.: Դրանից հետո նոր երեխային հարկավոր կլինի PET հետազոտություն, որն էլ Հայաստանում չի իրականացվում: Հաշվի առնելով, թե որքան ծանր և ծախսատար է նման հիվանդությունը և բուժման հետ կապված հարցերը, մեր կազմակերպությունն էլ իր հնարավորության սահմաններում սատարեց երեխային՝ տրամադրելով բիոպսիային անհրաժեշտ գումարը:
Շնորհավոր Մարտի 8... 07.03.2012
Սրտանց շնորհավորում ենք կանանց միջազգային օրվա կապակցությամբ, մաղթում քաջ առողջություն, անսահման սեր, կանաչ ճանապարհ՝ լեցուն գարնանային անուշահոտ ծաղիկներով, թող որ այս և բոլոր գարունները բերեն խինդ ու ծիծաղ...
Գարնանային գեղեցիկ ու հաճելի տոների հետ կապված «ԷԽՈ» ՀԿ իր ուշադրությանն արժանացրեց իր շահառուների իգական սեռին: Մարտի 7-ին թվով մոտ 50 հաշմանդամների բաժանվեց հագուստ, սնունդ և դպրոցահասակներին՝ գրենական պիտույքներ:
Ուրախ պահեր քեզ, փոքրի'կ... 25.12.2011

«ԷԽՈ» ՀԿ իր հիսուն շահառուների հետ միշտ մեծ սիրով ու պատրաստվածությամբ է նշում Ամանորը: Հաշվի առնելով, որ մեր շահառուների հիմնական մասը փոքրիկներ են, պատրաստեցինք շատ հաճելի, զվարճալի հեքիաթային մի ծրագիր, որտեղ նաև ելույթ ունեցան մեր սաները` փորձելով կամ արտասանել, կամ երգել ու պարել: Աշխույժ համերգային ծրագրի ավարտից հետո ծնողներին և երեխաներին սպասվում էր հաճելի հյուրասիրություն` մեր հովանավորների աջակցության շնորհիվ, որի համար հայտնում ենք մեր խորին շնորհակալությունը բոլոր նրանց, ովքեր միշտ մեր կողքին են:

Մեր մասնակցությունը հաշմանդամների միջազգային օրվան... 03.12.2011

Մենք նույպես մեծ սիրով ու պատրաստվածությամբ  նշեցինք հաշմանդամների միջազգային օրը Մասիս քաղաքի Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական դպրոցի համերգասրահում, որտեղ տեղի ունեցավ համերգային հետաքրքիր միջոցառում, մեզ հյուր եկած ծաղրածուներն ու հեքիաթի հերոսները մի պահ բոլորին կտրեցին առօրյա ծանր հոգսերից: Ինչպես միշտ, այս անգամ էլ «ԷԽՈ» ՀԿ դատարկաձեռն չէր, նա իր 100 շահառուներին բաժանեց անակնկալ նվերներ: Դե ինչ, ուրեմն ևս մեկ անգամ բոլորս միմյանց մաղթենք քաջ առողջություն և անսահման համբերություն:  շարունակել...

Եղի’ր առողջ... 01.12.2011

Ալբերտ Անանյան`ծնված 03.09.2002թ.: Ախտորոշումը Հոջկինի լիմֆոմա, լիմֆոիդ գերակշռում, որը լիմֆոտիկ հանգույցների բորբոքում է: Կարիք ունի PET-CT հետազոտության` բուժման էֆեկտիվությունը գնահատելու և հետագա բուժման տակտիկան որոշելու նպատակով և որպեսզի պարզ լինի կա արդյոք աշխատող օջախ, և որքան է կրկնվելու հավանականությունը: Հայաստանում նմանատիպ սարքավորումների բացակայության պատճառով խորհուրդ է տրվում հետազոտվել Մոսկվայում: Հաշվի առնելով, թե որքանով է անհրաժեշտ տվյալ հետազոտությունը Ալբերտին` «ԷԽՈ»  ՀԿ որոշեց աջակցել` հոգալով ամբողջ ճանապարհածախսը և հետազոտության արժեքի մի մասը:

Օգնենք... 21.10.2011

Զաքարյան Մարիաննա` ծնված 11.08.2006թ.: Երեխայի մոտ հայտնաբերված է շնչափողի նորագոյացություն, որի հետևանքով շնչափողը նեղացված է: Դրա արդյունքում ձախ թոքը սևացած է, ողնաշարը` թեք: Երեխային անհրաժեշտ է վիրահատություն արտերկրում` Հայաստանում համապատասխան բժշկական սարքավորումների բացակայության պատճառով: Ծնողի դիմում-խնդրանքի հիման վրա կազմակերպությունը որոշեց աջակեցել երեխային` հոգալով միայն բժշկական հետազոտության և ճանապարհի ծախսերը:

Սպասեք մեզ... 13.10.2011

Հաշվի առնելով, որ «ԷԽՈ» ՀԿ աջակցում է նաև սոց. անապահով ընտանիքներին, այս անգամ էլ կազմակերպությունը չկարողացավ չարձագանքել շատ ծանր կենցաղային պայմաններում ապրող ընտանիքի խնդրանքին: Մասիս քաղաքի Սիփանիկ գյուղում, վագոն-տնակում բնակվում են երկու քույր`իրենց երեխաների և մեծահասակ մայրիկի հետ: Ի դեպ, նրանք գործազուրկ են, և չունեն անգամ նվազագույն, խիստ անհրաժեշտ կենցաղային պայմաններ: Երեխաները վեցն են, անչափահաս և, ցավոք, երկուսն էլ ունեն հաշմանդամություն: Նախապես ծանոթ լինելով ընտանիքի ծանր ապրելակերպին` «ԷԽՈ» ՀԿ աջակցեց` տրամադրելով սնունդ և հիգիենայի պարագաներ: Մեծ են մեր ցանկությունները, որ ցանկանում ենք ի կատար ածել բարերարների և մեր միահամուռ ուժերով:

Մեր հաջողությունները սպորտում... 15.09.2011

Սարգիս Երանոսյան` ծնված 26.06.1996թ.: Երեխան ապրում է սոց. անապահով ընտանիքում, զբաղվում է Բոքս սպորտաձևով և ունի հաջողություններ: Մրցումներին մասնակցելու համար անհրաժեշտ է համապատասխան համազգեստ: Ծնողի դիմում-խնդրանքի համաձայն առ 15.09.2011թ. «ԷԽՈ» ՀԿ խորհուրդը որոշեց աջակցել` գնելով սպորտային համազգեստ: Մաղթում ենք քեզ մեծ հաղթանակներ, սիրելի' մարզիկ...

Մա'մ ես կառողջանամ... 13.09.2011

Էրիկ Հայրապետյան` ծնված 21.01.2004թ. Երեխան գլխի վնասվածք էր ստացել ու ծնվել թթվածնային քաղցով: Երեխայի հոգեշարժողական զարգացումն ընթացել է տարիքային նորմերից ուշացած: Արաբկիր բժշկական համալիրի ախտորոշման համաձայն Էրիկ Հայրապետյանի մոտ հայտնաբերվել է մանկական ուղեղային կաթված: Բժիշկները ծնողներին հանձնել են մի փաստաթուղթ, որով տեղեկացնում են, որ ներկայումս մեր բուժական աղբյուրները սպառված են: Երեխան կարող է հնարավոր թեկնածու լինել թափառող նյարդի ստիմուլյացիայի, որը, ցավոք, Հայաստանում հնարավոր չէ իրականացնել: Մասնագետները ծնողներին հորդորել են երեխային տեղափոխել արտերկրում գտնվող համապատասխան կլինիկա, որտեղ վիրահատական միջամտության շնորհիվ հնարավոր կլինի երեխայի կյանքը փրկել: Խորապես գիտակցելով այս ամենը` «ԷԽՈ» ՀԿ որոշեց անարձագանք չթողնել ծնողի խնդրանքը, բայց, քանի որ մեծ էր պահանջվող գումարի չափը, մեր կազմակերպությունը կրկին դիմելով իր վաղեմի բարերար-հովանավորներին, կարողացավ մասամբ աջակցել Էրիկ Հայրապետյանի բուժման հարցում:

Սիրով` Ձեզ համար... 07.09.2011

Գիտելիքի միջազգային օրվա կապակցությամբ, բազմաթիվ ծնողների խնդրանքով, «ԷԽՈ» ՀԿ իրականացրեց նվերների բաժանում, որը մեզ էր տրամադրել «JONIK» հագուստի խանութ-սրահի տնօրինությունը: Իսկ IRD ամերիկյան կազմակերպության, որն արդեն համագործակցում է մեզ հետ շուրջ 3 տարի, մարդասիրական օգնության ծրագրի շրջանակներում, այս անգամ ևս մեր կազմակերպությանը տրամադրեց, ստացանք բեռներ` 4 պարկ օգտագործված հագուստեղենով, և դա նույնպես բաժանվեց հաշմանդամ երեխաների և երիտասարդների, ինչպես նաև սոց. անապահով ընտանիքների:  

«ԷԽՈ» ՀԿ Ձեր կողքին է... 22.07.2011

Միրոյան Էդմոնդ` ծնված 11.17.2005թ.: 2010թ. ախտորոշվել է սուր լիմֆոբլաստային լեյկոզ, ստացել է պոլիքիմիոթերապիական բուժում: Հաջորդ կուրսն իրականացնելու համար երեխային շտապ անհրաժեշտ էր Օնկոասպար դեղորայքը: «Կիսաբաց Լուսամուտներ» հաղորդաշարի միջնորդությամբ, որին ներկա էին նաև «ԷԽՈ» ՀԿ նախագահն ու քարտուղարը, երեխայի ծնողները, հանդիսատես, կազմակերպությունը տեղեկացավ թե երեխայի հիվանդութնյա մասին և թե այն պայմաններին, որտեղ ապրում է փոքրիկ Էդմոնդը: Նախ «ԷԽՈ» Հկ զրուցեց երեխայի բուժող բժշկի հետ և հաշվի առնելով ծնողների անօգնական վիճակն ու խնդրի լրջությունը` կազմակերպությունն աջակցեց երեխային` բուժման մեկ կուրսի համար:

Անհոգ մանկություն մեր երեխաներին... 01.07.2011
Ահա   այս կարգախոսն ուներ Հունիսի 1-ին «ԷԽՈ» ՀԿ-ի  կազմակերպած բարեգործական միջոցառումը, որը տեղի  ունեցավ Մասիս քաղաքի Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում: Բարեգործական ծրագիրն իր մեջ ներառում էր համերգ` երիտասարդ երգիչ-կատարողների մասնակցությամբ, տիկնիկային ներկայացում և նվերների բաժանում: Այս անգամ էլ, ինչպես միշտ, մեր երեխաներին սպասվում էր հաճելի անակնկալ, քանզի հունիսի 1 երեխաների տոնն է: «ԷԽՈ» ՀԿ 100 հաշմանդամ և անապահով ընտանիքի երեխաների և երիտասարդների համար պատրաստել էր նվերներ, որոնք մեզ էին տրամադրել տարբեր անհատներ և կազմակերպություններ: Միջոցառման ընթացքում մեր երեխաները կարողացան արտահայտել իրենց հույզերն ու ցանկությունները` արտասանություն, երգ, պար և ինչ հաճելի էր հաշմանդամ երեխայի համար, երբ նա երգում ու արտասանում էր բեմից` իր ծնողների և հանդիսատեսի համար: Շտապեմ ասել, որ վերջում էլ երեխաների համար կազմակերպված էր անուշ հյուրասիրություն և շփում երգիչների հետ:
Ես արդեն քրիստոնյա եմ... 13.05.2011

Մայիսի 13-ին Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի ունեցավ տասը հաշմանդամ և անապահով ընտանիքի երեխաների և երիտասարդների մկրտության արարողություն: Հայ առաքելական եկեղեցում, մկրտվելով հոգևոր հոր օրհնությամբ, օծվելով սուրբ մերոնով` երեխաները դարձան քրիստոնյա: Մկրտության արարողությունից հետո Լունապարկի «ՍԿՈԲ» սրճարանում տեղի ունեցավ հյուրասիրություն երեխաների և նրանց ծնողների համար:

Տանյան արդեն լսում է... 12.05.2011

Արֆամեդ լսողական ապարատների կենտրոնում տեղադրվեց Տանյա Համբարձումյանի Սթարքեյ ֆիրմայի թվային ականջակալը: Նշենք նաև, որ այս անգամ ականջակալի տեղադրման հարցում «ԷԽՈ» ՀԿ-ին աջակցեց Միջազգային գիտատեխնիկական կենտրոնը: Հայտնում ենք մեր խորին շնորհակալությունը Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի տնօրինությանը, ինչպես նաև մեր բոլոր հովանավորներին:

Առողջ մանկություն Լաուրային... 12.04.2011

Լաուրա Եղիյանի մոտ` ծնվ 2000թ. ք. Երևան, 2005թ-ի ապրիլին հայտնաբերվել է սուր լիմֆոբլաստային լեյկոզ: Բուժումն ավարտելուց 15 օր անց սկսվել է ռեմիսիա և  5 տարի գտնվել է ռեմիսիայի մեջ: 2010թ-ի օգօստոսի 15-ից Լաուրան սկսել է գանգատվել մեջքի ցավից: Բազմաթիվ անալիզներից հետո դարձյալ ախտորոշվել է սուր լիմֆոբլաստային լեյկոզ (ռեցիդիվ): Դժբախտաբար, Լաուրան կրկին կանգնած է նույն խնդրի առաջ: Այժմ երեխան բուժվում է «Մուրացան» համալսարանական կլինիկայում: Նշենք նաև, որ փոքրիկն  ապրում է բազմանդամ ընտանիքում: Մայրն ուսուցչուհի է, հայրը` բանվոր: Ունի 7 տարեկան քույր: Չունեն բնակարան, ապրում են բնակելի շենքի նկուղում: Բուժման համար միջոցներ չունենալով` երեխայի ծնողները դիմեցին «ԷԽՈ» ՀԿ-ին: «ԷԽՈ» ՀԿ-ի խորհուրդը, հաշվի առնելով խնդրանքի լրջությունն ու հրատապ լինելը, որոշեց աջակցել` Լաուրա Եղիյանի բուժման համար փոխանցելով 821.000 դրամ: Նշենք նաև, որ  Լաուրան արդեն ստացել է բուժումը և դուրս գրվել հիվանդանոցից լավացմամբ:

Ստեփանը արդեն լսում է... 11.04.2011

Ստեփան Պողոսյանը` ծնված 2000թ ք. Մասիս, տառապում է երկկողմանի խառը տիպի ծանրալսությամբ:  Արֆա-Մեդ կենտրոնի ախտորոշմամբ նրան անհրաժեշտ է Bernafon ֆիրմայի «Smile-120» մոդելի  թվային 2 ականջակալ, որի մեկ հատն արժե 165.000 դրամ: Չունենալով համապատասխան միջոցներ` երեխայի ծնողները դիմեցին «ԷԽՈ»  ՀԿ-ին ականջակալի ձեռքբերման աջակցության  խնդրանքով:Սույն թվականին «Էխո» ՀԿ-ն իր բարերարների միահամուռ ուժերով Արֆա-Մեդ լսողական ապարատների կենտրոնում տեղադրեց տասնամյա Ստեփանի թվային ականջակալները: Մեծ էր երեխայի և ծնողի ուրախությունը, երբ նա սկսեց լսել ավելի պարզ ու մաքուր: Հուսով եմ, որ «ԷԽՈ» ՀԿ-ն իր բարերարների համատեղ ուժերով դեռ շատ կկատարի նմանատիպ ողջունելի գործեր:

Դիմավորենք գարունը նվերներով... 12.03.2011

«ԷԽՈ» ՀԿ-ն 2011 թ. մարտին իրականացրեց արդեն իսկ ավանդույթ դարձած նվերների բաժանումը` կապված գարնանային տոների հետ: 120 հաշմանդամ եւ սոցիալապես անապահով երեխաներին նվերներ բաժանվեցին: Նվերների մեջ ընդգրկված էին գրենական պիտույքներ, հիգիենայի պարագաներ, հագուստ եւ խաղալիքներ: Գրենական պիտույքները եւ հիգիենայի պարագաները մեզ էր տրամադրել մեր գործընկեր «Ամքոր» ընկերությունը: Օգտվելով առիթից ցանկանում ենք եւս մեկ անգամ հայտնել մեր խորին շնորհակալությունը «Ամքոր» ընկերությանը մեզ տրամադրած նվերների համար: Անասելի էր այն ուրախությունը, երբ մեր կազմակերպության հաշմանդամ եւ սոցիալապես անապահով երեխաները մեծ անհամբերությամբ բացում էին իրենց տոպրակները, հանում նվերները:

Ուրախ Ամանոր... 27.12.2010

Արդեն երեք տարի է, և կարծես դարձել է ավանդություն, որ «ԷԽՈ» ՀԿ-ն մեծ շուքով նշում է Ամանորը: Այս տարի էլ «ԷԽՈ» ՀԿ-ն և «Թատրոնիկ» մանկապատանեկան թատերախումբը ներկայացրին  Ամանորյա հեքիաթ-ծրագիր և զվարճացրին մեր փոքրիկներին, ինչու չէ նաև մեծերին: «ԷԽՈ»  ՀԿ-ն իր շահառուների համար պատրաստել էր նվերներ, որոնք էլ  փոքրիկներին հանձնեցին Ձմեռ պապն ու Ձյունանուշը, իսկ վերջում էլ սպասվում էր անուշ հյուրասիրություն մեր բոլոր հյուրերին:

Գյուղի զարգացման կենտրոնը (CARD) մեր կողքին է... 24.12.2010

Այս անգամ էլ «ԷԽՈ» ՀԿ-ի խնդրանքն անարձագանք չթողեց ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոնը  (CARD) իր մասնակցությունը ցուցաբերեց մեր երկու ծրագրերին: Հիմնադրամը «ԷԽՈ» ՀԿ-ի հաշվեհամարին փոխանցեց 480.000 դրամ, ինչպես նաև աշխատակազմն իր միահամուռ ուժերով սատարեց մեզ տոնածառի գեղեցիկ խաղալիքների,  ամանորյա նվեր - տոպրակների գնման և պատրաստման գործում:

«ԷԽՈ» ՀԿ-ն սիրով ձեռք մեկնեց «Օգնեմ» հիմնադրամին… 17.12.2010
2010թ. Դեկտեմբերի 17-ին «Օգնեմ»  հիմնադրամը, որի գործունեությունն է օնկոլոգիական հիվանդություններով տառապող երեխաների բուժմանն աջակցությունը, ծանոթ լինելով և բարձր գնահատելով «ԷԽՈ» ՀԿ-ի իրականացրած ծրագրերը, որոնք էլ ուղղված են հաշմանդամ և սոց. անապահով երեխաներին աջակցությանը, դիմում է ներկայացնում «ԷԽՈ» ՀԿ-ին` իրենց կազմակերպությանը հնարավորինս աջակցելու խնդրանքով: «ԷԽՈ»  ՀԿ-ի խորհուրդը,  որոշեց անարձագանք չթողնել «Օգնեմ»  հիմնադրամի խնդրանքը և աջակցել փոխանցելով 480.000 դրամ, քանզի  երկու կազմակերպություններն էլ ունեն մեկ հիմնական նպատակ. Աջակցել կարիքավոր երեխաներին:
Դեկտեմբերի 3-ը` Հաշմանդամների միջազգային օր... 03.12.2010

Դեկտեմբերի 3-ը` Հաշմանդամների միջազգային օր...1992-ին ՄԱԿ-ը դեկտեմբերի 3-ը հռչակեց Հաշմանդամների միջազգային օր: 2006-ի դեկտեմբերին Հայաստանը միացավ հաշմանդամների իրավունքների կոնվենցիային:  Դեկտեմբերի 3-ին կազմակերպվեց  միջոցառում, որն իր մեջ ներառում էր համերգային շոու-ծրագիր, նվերներ և հյուրասիրություն:Այդ օրն էլ ներկա գտնվող մեր բոլոր բարերարներին հանձնեցինք շնորհակալագրեր, քանզի նրանք միշտ սատարում են մեզ, հաշմանդամ և  սոց. անապահով երեխաներն էլ ստացան նվեր-տոպրակներ, իսկ նրանց ծնողների կողմից հնչեցին շնորհակալական խոսքեր` ուղղված «ԷԽՈ» ՀԿ-ի ողջ աշխատակազմին, նման միջոցառում կազմակերպելու համար:Դե ինչ, օգտվելով առիթից մենք էլ ևս մեկ անգամ հայտնենք մեր խորին շնորհակալությունը մեր բոլոր հովանավորներին` սիրով մեզ աջակցելու համար:

Մեր կազմակերպության 5 երեխաներն արդեն լսում են… 13.10.2010

2010թ հոկտեմբերի 13-ին «ԷԽՈ» ՀԿ-ի խորհուրդը որոշեց կազմակերպության դիմած 4-րդ աստիճանի ծանրալսությամբ տառապող երեխաներին աջակցել, նրանց համար ձեռք բերելով թվային ականջակալներ: «ԷԽՈ» ՀԿ-ն համագործակցում է «Արֆա Մեդ», «ՍՎՍ Մեդիկալ» (SIEMENS), ինչպես նաև «Էրեբունի» բժշկական կենտրոնների հետ: 5 երեխաների մանրակրկիտ հետազոտությունների արդյունքում որոշվեց` յուրաքանչյուրին տեղադրել համապատասխան թվային ականջակալ: Եղիկյան Գևորգին տեղադրվել է` Widex B2 ֆիրմայի ականջակալ: Հովհաննիսյան Արմենուհուն` supero 411 ֆիրմայի ականջակալ: Սարգսյան Գուրգենին` Resound Matrix 2e hands ֆիրմայի ականջակալ: Անտոնյան Ժաննային` supero 412 ֆիրմայի ականջակալ: Վիրաբյան Համլետին էլ ` Widex B6 ֆիրմայի ականջակալ:

Սոնա Շահգելդյանը և մեր երեխաները... 17.09.2010

«ԷԽՈ» ՀԿ-ն 15 երեխաների համար անակնկալ էր պատրաստել: Սեպտեմբերի 1-ի առիթով «Երկու երես» ամսագիրը հանդիպում էր կազմակերպել երգչուհի Սոնա Շահգելդյանի հետ: Ջերմ շփման և զրույցի ընթացքում պարզվեց, որ երգչուհի Սոնան նվերներ է պատրաստել: Սեպտեմբերի 12-ին «ԷԽՈ» ՀԿ-ի 15 երեխաներ նվեր ստացան Սոնա Շահգելդյանից և «Երկու երես» ամսագրից: Իսկ Մովսես Բաբաքյովխյանը և Մերի Մանուկյանը մկրտվեցին: 

Մեր երեխաներն արդեն լսում են… 10.03.2010
2010թ. Մարտի 10-ին «ԷԽՈ» ՀԿ-ի խորհուրդը որոշեց կազմակերպության դիմած 4-րդ աստիճանի ծանրալսությամբ տառապող երեխաներին աջակցել, նրանց համար ձեռք բերելով թվային ականջակալներ: «ԷԽՈ» ՀԿ-ն համագործակցում է «Արֆա Մեդ»,  «ՍՎՍ Մեդիկալ» (SIEMENS), ինչպես նաև «Էրեբունի» բժշկական կենտրոնների հետ: Երեխաների մանրակրկիտ հետազոտությունների արդյունքում որոշվեց` Սահակյան Արտաշեսին և Սարգսյան Ալբերտին անհրաժեշտ է երկկողմանի լսողապրոթեզավորում Phonak ֆիրմայի Super 0411 լսողական սարքերով, յուրաքանչյուրի արժեքը` 295000 դրամ:
Պաշտպանենք մեր երեխաներին... 01.05.2010

Հունիսի 1-ին` երեխաների միջազգային օրվա կապակցությամբ, կազմակերպվեց միջոցառում, որն իր մեջ ներառում էր համերգային շոու-ծրագիր, «ԷԽՈ»  ՀԿ-ին տրամադրված կրթարանի բացում, նվերներ և հյուրասիրություն:Միջոցառումը սկսվեց համերգային ծրագրով, որը տեղի ունեցավ Մասիս քաղաղի Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում: Համերգին իրենց մասնակցությունն էին բերել ճանաչված երգիչներ, երաժշտական դպրոցի սաներ, հյուրեր, պետական այրեր: Համերգի ընթացքում ելույթ ունեցան Արարատի մարզպետ` Վարդգես Հովհաննիսյանը,Մասիս քաղաքի քաղաքապետ` Դմիտրի Նազարյանը: Միջոցառմանը ներկա հովանավոր-հյուրերին հանձնվեցին շնորհակալագրեր: Օրվա երկրորդ կեսին հյուրերն ու մասնակիցները տեղափոխվեցին «ԷԽՈ» ՀԿ-ին տրամադրված տարածք, որտեղ էլ տեղի ունեցավ կրթարանի պաշտոնական բացման արարողությունը: Հյուրերին դիմավորեցին աղ ու հացով:Շենքի կանաչապատ բակում բացված էին առատ սեղաններ: Միջոցառման կազմակերպիչները ջանք ու եռանդ չէին խնայել այն գեղեցիկ ու շքեղ դարձնելու համար: Հյուրասիրությունից հետո հաշմանդամ և սոց. անապահով 100 երեխայի բաժանվեցին նվերներ` տրամադրված տարբեր կազմակերպությունների և անհատների կողմից: «ԷԽՈ» ՀԿ-ն շնորհակալություն է հայտնում այն բոլոր մարդկանց և կազմակերպություններին, ովքեր հովանավորեցին կազմակերպության աշխատանքները:

«ԷԽՈ» ՀԿ-ի 10 հաշմանդամ երեխաների մկրտությունը... 28.08.2009
2009թ.-ի օգոստոսի 28-ին Մարմարաշենի եկեղեցում տեղի ունեցավ «ԷԽՈ» ՀԿ-ի 10 հաշմանդամ և սոցիալապես անապահով երեխաների մկրտության արարողությունը: Օրը հիանալի անցավ և’ երեխաների, և’ նրանց ծնողների համար: Հայ առաքելական եկեղեցու հոգևոր հոր օրհնությամբ, օծվելով սուրբ մերոնով` երեխաները դարձան իսկական հայ քրիստոնյաներ: Եկեղեցում տեղի ունեցած արարողությունից հետո, տեղի ունեցավ հյուրասիրություն, երեխաներին բաժանվեցին նվերներ` տրամադրված հովանավորների կողմից: Բոլորը շատ գոհ էին և բարձր տրամադրությամբ հրաժեշտ տվեցին միմյանց:
Մեր ամառային հանգիստը Սևանում և Ծաղկաձորում... 12.08.2009
2009թ. օգոստոսի 11-12-ին «ԷԽՈ» ՀԿ-ն իր մի խումբ հաշմանդամ և սոցիալապես անապահով երեխաների համար կազմակերպեց երկօրյա հանգիստ Սևանի “Արևիկ” հանգստյան տանը:Կազմակերպությունն ապահովեց երեխաների երեքանգամյա սնունդը: Հանգստյան տան խաղասրահը ողջ երեկո մեր երեխաների տրամադրության տակ էր: Կազմակերպության կամավոր աշխատակիցների կողմից կազմակերպվեցին բազմաբնույթ խաղեր, ինչպես նաև անցկացվեց սեղանի թենիսի մրցույթ: 2009թ-ի օգոստոսի 1-ին «ԷԽՈ» ՀԿ-ն իր մի խումբ հաշմանդամ և սոցիալապես անապահով երեխաների համար կազմակերպեց մեկօրյա հանգիստ Ծաղկաձորի “Ալիք” հանգստյան տանը:Հանգստյան տան աշխատակազմը` տնօրենի գլխավորությամբ, ջերմ ընդունելություն ցուցաբերեց: Երեխաներին հատկացվեցին հարմարավետ, բացօդյա տաղավարներ, խաղահրապարակ, ինչպես նաև փակ լողավազանը:Օրվա վերջում երեխաներին մի նոր անակնկալ էր սպասվում` ընթրիք ռեստորանում, որն ուղեկցվեց երաժշտությամբ, երգով ու պարով:
1 2 3


Обновлен 23 мая 2014. Создан 15 окт 2011



Գործուն և նպատակային այսօրն է պայմանավորում ապագան: Ապագա, որին հասնելու համար մեզանից յուրաքանչյուրն, անգամ փոքր, իսկ ցանկության դեպքում` կարող է հնարավորինս սատար լինել նմանատիպ հոգսերով երեխաներին: Դու ևս կարող ես քո մասնակցությունն ունենալ հերթական ամսվա հրատապ ծրագրի իրականացմանը:

Գուցե դո՞ւ ես նրանցից մեկի աջակիցը…

ՄԱՍՆԱԿՑԻ՛Ր
Լրահոս

Տեսադարան
Մեր թիմի գործունեությանը կարող եք հետևել Ձեր իսկ նախնտրած սոցցանցերում
Անդամագրվելով ցանկացած սոցցանցերից մեկում և միանալով մեր խմբին՝ կկարողանանք քննարկումների և բանավեճերի միջոցով գտնել շատ հարցերի լուծումներ, որոնք փոքր-ինչ կթեթևացնեն մեր մտածմունքները, իսկ դուք կտեղեկանաք նորություններին և իրադարձություններին:
YOUTUBE FACEBOOK
TWITTER RSS BLOG WEBMAIL
top
«ԷԽՈ» ՀԿ © 2008 - 2014 | Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված ծրագրերը և մեդիա նյութերը պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին ՀՀ օրենսդրությամբ: Առանց «ԷԽՈ» ՀԿ թույլտվության արգելվում է տեղադրված ծրագրերի և մեդիա նյութերի վերարտադրումը, տարածումը, հարմարեցումը, այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը: