ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԷՋ 2



Մարդասիրական ևս մի քայլ... 26.11.2013
Էդուարդ Հակոբյանը ծնվել է 02.06.2008թ.: Նրա մոտ ախտորոշված է ՄՈՒԿ`մանկական ուղեղային կաթված: Հետևաբար մարմնի ֆունկցիոնալ առաջընթացի համար երեխային անհրաժեշտ է կանգնակ` 100.000 դրամ արժողությամբ, որը թույլ կտա ֆիքսված կանգնել: Ծնողի դիմում-խնդրանքի հիման վրա «ԷԽՈ» աջակցման կենտրոնի ջանքերով երեխան այժմ ունի անհրաժեշտ կանգնակը, որն էլ կնպաստի նրա կեցվածքի ճիշտ ձևավորմանը և կամրապնդվի մկանային համակարգը:
Քայլ առաջ... 05.11.2013
Հենրի Շահինյանը ծնվել է 01.08.2006թ.: Երեխայի մոտ ախտորոշված է ՄՈՒԿ`մանկական ուղեղային կաթված: Այդ իրավիճակում խանգարվում է մարմնի մկանների վերահսկողությունը: Այսինքն խանգարվում է շարժողականությունը: Այն ոչ թե մկանի կամ նյարդի հիվանդություն է, այլ ուղեղի անկարողություն: Երեխայի վիճակը կայունացնելու համար անհրաժեշտ է ավտոմատ վազքուղիով մարզասարք` 280.000 դրամ, որը թույլ կտա երեխային մարզվել` նպաստելով մկանային վերահսկողությանը: «ԷԽՈ» աջակցման կենտրոնի  գործընկերների շնորհիվ Հենրին այժմ ունի տվյալ մարզասարքը, որն էլ կնպաստի երեխայի ապաքինմանը:
Հիպոթերապիան նպաստում է երեխայի ապաքինմանը... 15.08.2013
Էլեոնորա Փաշալյանը ծնվել է 04.02.2004թ.: Երեխայի մոտ ախտորոշված է ՄՈՒԿ`մանկական ուղեղային կաթված և անհրաժեշտ էր հիպոթերապիա-ձիավարժություն, որը  ֆիզիկական հաշմանդամություն ունեցող երեխաների վերականգնողական թերապիա է: Քայլելիս ձիու մեջքը կատարում է տատանումներ, որոնք կրկնում են նրա վրա նստած երեխայի մարմնի բոլոր մկանները։ Ձիու մարմնի ջերմաստիճանը 1-1,5 աստիճանով բարձր է մարդու մարմնի ջերմաստիճանից, ինչի հետևանքով հեծյալի մկանները ստնում են բնական ջերմային մերսում: Այդ ամենի արդյունքում տեղի է ունենում հեծյալի ձգված մկանների թուլացում և թույլ մկանների միաժամանակյա մարզում, ինչը հատկապես կարևոր է մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաների համար։ Շատ կարևոր է նաև հոգեբանական գործոնը։ Փոքրիկ Էլեոնորայի ծնողը, չունենալով բուժման գումարը, դիմել է «ԷԽՈ» կենտրոնի օգնությանը: Վերջինս տրամադրել է անհրաժեշտ 100.000 դրամը, որի շնորհիվ երեխան ստանում է բուժում և մեծ հաճույքով շփվում ձիու հետ`անհամբեր սպասելով նոր հանդիպմանը…
Ապագան առողջ ապրելակերպով... 10.08.2013
Վահան Գրիգորյանը ծնվել է 19.11.1998թ.: Երեխայի մոտ ախտորոշված է ՄՈՒԿ`մանկական ուղեղային կաթված: 2012թ. կատարվել է վիրահատական միջամտություն, որից հետո մշտապես անհրաժեշտ է կատարել ֆիզիկական վարժություններ, որոնց շնորհիվ օրգանիզմում տեղի են ունենում ձևաբանական և ֆիզիոլոգիական փոփոխություններ: Դրանք թույլ են տալիս ընդլայնել բոլոր օրգանների և համակարգերի գործունեության հնարավորությունը: Արդյունքում  կարգավորվում են ֆիզիկական զարգացման ցուցանիշները: Վերականգնողական բուժումը իրականացնելու համար «ԷԽՈ» ՀԿ թիմը երեխային տրամադրել է մարզասարք:
Մարդասիրական գործ... 05.08.2013
Աննա Մելիքջանյանը ծնվել է 01.12.2011թ.: Երեխայի մոտ ախտորոշված է ողնաշարի կրծքային և գոտկային հատվածների կոմպլեքս բնածին սկոլիոզ,ողերի և կողերի զարգացման բնածին անոմալիաներ: Աննան կարիք ունի ողնաշարի լրացուցիչ հետազոտության (ՄՌՏ), որը ՀՀ-ում չի իրականացվում: Անհրաժեշտ գումարը կազմում է 3.780.000 դրամ: «ԷԽՈ» ՀԿ թիմը օգնեց երեխային` տրամադրելով գումարի որոշակի մասը:
Նպաստելով երեխայի բուժմանը... 20.07.2013
Հենրի Շահինյանը ծնվել է 01.08.2006թ.: Երեխայի մոտ ախտորոշված է ՄՈՒԿ`մանկական ուղեղային կաթված, որի ժամանակ խանգարվում է մարմնի մկանների վերահսկողությունը: Այն ոչ թե մկանի կամ նյարդի հիվանդություն է, այլ ուղեղի անկարողություն: Մկանների կենսունակությունը վերականգնելու համար պահանջվում է մարզասարք, որի արժեքն է 120.000 դրամ: «ԷԽՈ» ՀԿ թիմի ջանքերի շնորհիվ ձեռք բերվեց մարզասարքը, որն էլ կծառայի իր նպատակին:
Գթասրտությունը օգնեց երեխային... 05.07.2013
Էդմոնդ Մելքումյանը ծնվել է 12.04.2011թ.: Երեխայի մոտ ախտորոշված է ՄՈՒԿ` մանկական ուղեղային կաթված, որը արտահայտվում է խառը սպաստիկ (անկառավարելի) շարժումներով: Երեխայի վերականգնողական վարժությունները մատչելի դարձնելու համար անհրաժեշտ է կանգնակ,որի պատրաստման արժեքը կազմում է 100.000 դրամ: «ԷԽՈ» ՀԿ թիմը սիրով տրամադրեց համապատասխան  գումարը:
Հավատա և կհաղթես, Հարությո՛ւն... 26.06.2013
Հարություն Ավետիսյանը ծնվել է 07.05.2009թ: Երեխայի մոտ ախտորոշված է ՄՈՒԿ` մանկական ուղեղային կաթված: Այն կենտրոնական նյարդային համակարգի հիվանդություն է, որի ժամանակ ախտահարվում են գլխուղեղի շարժողական գոտիները և շարժումն իրականացնող ուղիները:  Հիվանդության պատճառը գլխուղեղի որոշակի հատվածի վնասումն է մինչև ծնվելը կամ վաղ մանկական հասակում: Ընդ որում մկանները պարալիզացված չեն: Գլխուղեղի վնասվածքը չի զարգանում, բայց տարիքի հետ ավելի ակնհայտ է դառնում: ՄՈՒԿ-ը սովորաբար առաջանում է ներարգանդային վնասվածքների կամ ուղեղի թերզարգացման արդյունքում: Վերականգնողական վարժությունները մատչելի դարձնելու համար անհրաժեշտ է կանգնակ,որի պատրաստման արժեքը կազմում է 120.000 դրամ: Աջակցելով երեխային` «ԷԽՈ» կազմակերպությունը տրամադրեց անհրաժեշտ գումարը:
«ԷԽՈ»-ն հենարան է երեխային... 05.06.2013
Աֆո Նադոյանը ծնվել է 28.05.1998թ.: Երեխայի մոտ ախտորոշված է ձախ արմնկային հոդի անկիլիոզ: Առաջացել են ետվիրահատական բարդույթներ, և կրկնակի վիրահատության կարիք է զգացվում: Երեխային անհրաժեշտ է մասնագիտացված վնասվածքային օրթոպեդիկ վիրահատական միջամտություն,որը իրականացվում է պետպատվերի շրջանակներում:  Առկա է Zimmer հարթակի (294.000 դր.) և Zimmer պտուտակի (8 x 7.500 դր.) անհրաժեշտություն: Ընդհանուր գումարը կազմում է 354.000 դրամ: «ԷԽՈ» հասարակական կազմակերպությունը տրամադրել է որոշակի գումար` հնարավորության սահմաններում օգնելով երեխային:
6 տարի անընդմեջ... 01.06.2013

«ԷԽՈ» ՀԿ թիմը 6 տարի անընդմեջ մեծ շուքով և պատրաստակամությամբ է նշում հունիսի 1-ը՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը:  Այս տարի ևս կայացավ բարեգործական  համերգային շոու-ծրագիր, որը տեղի ունեցավ Մասիս քաղաքի Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական համերգասրահում: Մեր  համերգային ծրագրերի նպատակն է երջանիկ պահեր ու գեղեցիկ ժպիտներ պարգևել երեխաներին`նրանցից յուրաքանչյուրի օրը դարձնելով պայծառ ու գույնզգույն: Համերգին ներկա էին մեր հովանավորներն ու անհատ բարերարները, հյուրեր Արարատի մարզպետարանից, Մասիսի քաղաքապետարանից, որոնց կողմից շնորհակալական խոսքեր հնչեցին: Երգիչ-երգչուհիները հաճելի ներկան համեմեցին իրենց ուրախ ու գեղեցիկ կատարումներով`փորձելով մանուկների օրը տոն դարձնել: Համերգային ծրագրի վերջում մեր օժանդակության տակ գտնվող 100 հաշմանդամ և սոցիալապես անապահով երեխաներին բաժանվեցին նվերներ, ինչն  ավելի հիշարժան ու անմոռանալի դարձրեց օրը: Թող աշխարհի բոլոր մանուկները մեծանան անհոգ ու երջանիկ, ստանան ծնողների ջերմությունն ու սերը` լուսավորելով աշխարհն իրենց անմեղ ու պայծառ աչուկներով: Շարունակել...

Ես կարող եմ լսել... 20.05.2013

Ապրելով անարդար ու տարօրինակ աշխարհում` մեզանից յուրաքանչյուրն ունի սիրո, ջերմության և ուշադրության կարիք…                                                                                          

Անժելիկա Մանուչարյանը ծնվել է 21.07.2002թ.: Երեխայի մոտ ախտորոշված է երկկողմանի սենսոնեվրալ ծանրալսություն 4-րդ աստիճանի, և անհրաժեշտ էր երկու ականջակալ՝ յուրաքանչյուրը 110.000դր. արժողությամբ: «ԷԽՈ» ՀԿ թիմի ջանքերի շնորհիվ երեխան այժմ կարող է լսել:

Վեհ ու առաքինի գործ է դիմացինին օգնելը... 18.05.2013
Աշխարհում բազմաթիվ հիվանդ ու անօգնական երեխաներ կան, ովքեր տենչում են ապրել`ազատվելով հիվանդության սառնասիրտ ճիրաններից: Նրանք օգնության, սիրո ու ջերմության կարիք ունեն, քանզի իրենց կյանքում իշխում է հոգու անծայրածիր տխրությունն ու ունայնության դառնությունը: Եվ մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է հիշել այդ մասին քնելուց առաջ` ամեն անգամ գլուխը դնելով բարձին...
Արմեն Մարտիրոսյանը ծնվել է 31.08.2001թ.: Նա քիմիոթերապիայի  կարիք ունի, քանզի իր մոտ ախտորոշված է սուր լիմֆոբլաստային լեյկոզ: Շտապ հարկավոր էր գերմանական  «Medak»  ֆիրմայի Օնկոասպար  3750 ME 5ml  դեղամիջոցը,որի մեկ սրվակն  արժե 800 000 դրամ: «ԷԽՈ» ՀԿ թիմի աջակցությամբ  տրամադրվել է անհրաժեշտ գումարը՝ 800.000 դրամը բուժմանը, նաև 200.000 դրամ հարակից անհրաժեշտ դեղամիջոցների ձեռք բերման համար:
«ԷԽՈ» ՀԿ թիմի շնորհիվ սկսում եմ քայլել... 15.05.2013

Շարունակ պայքարել հիվանդության, վախի ու ցավի դեմ, պայքարել կյանքի դեմ հանուն կյանքի, հանուն ազատ ու առողջ ապագայի… Իհարկե այս խոսքերը խորթ են բոլոր նրանց համար, ովքեր չեն ճաշակել հիվանդության դառնությունը, ցավի անհատակ կսկիծն ու վաղվա օրվա տագնապը...

Հովհաննես Համբարձումյանը ծնվել է 19.09.2008թ.: Երեխայի մոտ առկա է մանկական ուղեղային կաթված (ՄՈՒԿ) հիվանդությունը, որն  առավել արտահայտված է ստորին վերջույթներում` քայլվածքի և կեցվածքի խանգարումներով: Երեխային անհրաժեշտ է քայլակ, որի օգնությամբ կկարողանար քայլել: Իսկ քայլակն արժե  120.000 դրամ: «ԷԽՈ» ՀԿ թիմը սիրով իր աջակցությունն է ցուցաբերում ծրագրի իրականացմանը:

Ես արդեն լսում եմ... 07.05.2013

Օգնելով դիմացինին`մեզանից յուրաքանչյուրը մի քայլով բարձրանում է վեր`մի փոքր մոտենալով աստվածային կատարելությանը...

Արտյոմ Հարությունյանը ծնվել է 18.08.2009թ.: Ախտորոշված էր երկկողմանի սենսոնեվրալ ծանրալսություն 4-րդ աստիճանի: Երեխայի մոտ բացակայում էր լսողությունը: Հարկավոր էր իմպլանտի տեղադրում, որի արժեքը կազմում էր 2 մլն. դրամ և վիրահատությունն իրականացնելու համար «ԷԽՈ» ՀԿ խորհրդի որոշմամբ  տրամադրվել է  տվյալ գումարը:

Բարեգործական համերգ` ի նպաստ փոքրիկ Մարիամիկի... 03.05.2013

6-ամյա Մարիամ Այվազյանի բժշկական հետազոտությանն ու բուժմանն աջակցելու նպատակով «ԷԽՈ» հասարակական կազմակերպությունը «Վիտամին» ակումբի հետ համատեղ մայիսի 3-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կազմակերպել էր բարեգործական միջոցառում: Համերգի առաջին հատվածում երգել են Արսեն Գրիգորյանը, դերասան Դավիթ Սեխպեյանը, Վարդան Բադալյանը, Նառան, Տիգրան Պետրոսյանը, Աիդա Սարգսյանը, Հռիփսիմե Հակոբյանը, Լիդուշիկը, Արամ MP3 նաեւ «Շանթ» հեռուստաընկերության երաժշտական նախագծերի հաղթողնեից եւ մասնակիցներից Սուսաննա Պետրոսյանը, Իվետա Մուկուչյանը, Սոնա Ռուբենյանը, Նարե Գեւորգյանը, Արաքսյա Ամիրխանյանը, Վրեժ Կիրակոսյանն ու երիտասարդ այլ երգիչներ: Շարունակել...

Ես աշխարհն ընկալում եմ հոգուս աչքերով... 20.04.2013

Չունենալով աչքեր` ես աշխարհն ընկալում եմ հոգուս աչքերով ու սրտիս գեղեցկությամբ: Ես տեսնում եմ զգալու կարողությամբ`ընկալելով այն ամենն, ինչը խորն է ու գեղեցիկ: Իսկ գեղեցկությունը տեսնելու համար ամենևին էլ աչքեր հարկավոր չեն, քանզի հաճախ աչքերը փակում են հենց միայն նրա համար, որպեսզի տեսնեն ամենագեղեցիկը…

Ցավոք, մեր հասարակության մեջ կան մարդիկ, ովքեր զրկված լինելով տեսողությունից` աշխարհը կարող են ընկալել միայն իրենց հոգու ու սրտի խորությամբ: Այդպիսի մարդկանց մոտ առաջանում է թերարժեքության բարդույթ` խոչընդոտելով նրանց լիարժեք ինտեգրումը հասարակություն: Հետևաբար պետք է օգնենք ու աջակցենք`մի կողմ թողնելով սառնությունն ու անտարբերությունը: Մկրտչյան Հովհաննեսը ունի տեսողության հետ կապված խնդիրներ, և պետք է կատարել աչքի պրոթեզավորում: Այս հարցում սիրով իր օգնությունն է ցուցաբերում «ԷԽՈ» ՀԿ թիմը`կարիքավորին աջակցելու մեծ պատրաստակամությամբ:

Երեխաներն ավելին են մեր կյանքում... 28.03.2013
Երեխաներն ամենաբարի  ու լուսավոր էակներն են մեր կյանքում`լինելով  սիրո, պարզության ու անմեղության լուռ խտացումները:  Չկա ոչինչ ավելի լուսավոր ու անբիծ, քան նրանց անուշիկ աչուկները`կյանքի սկիզբ ազդարարող ու գեղեցիկն արտացոլող: Բայց ցավալին այն է, որ երբեմն այնտեղ նշմարվում է տխրությունն ու թախիծը` արցունքի խոշոր կաթիլներով պարուրված: Էդմոնդ Ադամյանը ծնվել է 10.03.2006թ.: Երեխան դժվարանում է ինքնուրույն քայլել, քանզի իր մոտ առկա է կենտրոնական նյարդային համակարգի խանգարում: Էդմոնդին շարժվելու և կանգնելու համար հարկավոր է կանգնակ, որի արժեքն է 100.000 դրամ:  «ԷԽՈ» ՀԿ թիմը սիրով ցուցաբերում է իր աջակցությունը:
Վեհ է այն հոգին, ով ընդունակ է օգնել դիմացինին... 15.03.2013
Հովհաննես Համբարձումյանը ծնվել է 19.09.2008թ.: Երեխայի մոտ կա մանկական ուղեղային կաթված (ՄՈՒԿ) հիվանդությունը, որն առավել արտահայտված է ստորին վերջույթներում: Մանկական ուղեղային կաթվածը (ՄՈՒԿ) կենտրոնական նյարդային համակարգի հիվանդություն է, որի ժամանակ ախտահարվում են գլխուղեղի շարժողական գոտիները և շարժումն իրականացնող ուղիները: Ախտահարվում է նաև կամային և ոչ կամային շարժումները կարգավորող մեխանիզմների փոխազդեցությունը: Հիվանդության պատճառը գլխուղեղի որոշակի հատվածի վնասումն է մինչև ծնվելը կամ վաղ մանկական հասակում: Գլխուղեղի վնասվածքը չի զարգանում, բայց տարիքի հետ ավելի ակնհայտ է դառնում: Ուղեղային պարալիչը յուրաքանչյուր երեխայի ախտահարում է յուրովի: Հիվանդության թույլ արտահայտման դեպքերում երեխաները սովորում են քայլել երերուն հավասարակշռությամբ (ճոճվելով): Մեկ այլ դեպքում կարող են առաջանալ ձեռքերի օգտագործման հետ կապված խնդիրներ, իսկ ծանր դեպքերում երեխաները չեն կարողանում ինքնուրույն նստել և հոգալ ամենօրյա կարիքները: Այս հիվանդությունը սովորաբար առաջանում է ներարգանդային վնասվածքների կամ ուղեղի թերզարգացման արդյունքում: Փոքրիկ  Հովհաննեսը ավտոմեքենա-քայլակի կարիք ունի, որի օգնությամբ կկարողանա քայլել: Հոգալով բոլոր ծախսերը`«ԷԽՈ» ՀԿ թիմը երեխային տալիս է ինքնուրույն տեղաշարժվելու հնարավորություն:
Վեհ ու առաքինի գործ է կարիքավորին օգնելը... 22.02.2013

Վահե Գյումշուդյանը ծնվել է 18.06.2010թ.: Ունենալով ալերգիկ խրոնիկական բրոնխիալ ասթմա` երեխան դեղորայքային բուժման կարիք ունի: Բրոնխիալ ասթման կրկնվող վարակային կամ ոչ վարակային բնույթի հիվանդություն է, որը լայն տարածում ունի: Տարածվածությունը աշխարհի տարբեր մասերում բավականին տարբեր է: Տարածված է հատկապես տնտեսապես զարգացած երկրներում: Ավելի հաճախ հիվանդանում են երեխաները (հատկապես տղաները): Առաջին նշանները կարող են դիտվել 1-7 տարեկանում, իսկ 15-30 տարեկանում հիվանդացումը նվազում է:

Ընդհանուր կուրսն իրականացնելու համար անհրաժեշտ  է 195.000 դրամ, որն էլ սիրով տրամադրեց «ԷԽՈ» ՀԿ թիմը` նպաստելով երեխայի բուժմանը:

Ես բուժվել եմ ուզում... 16.02.2013
Մարիա Ասատրյանը ծնվել է  07.05.2012թ.: Երեխայի մոտ ի ծնե առկա է հարակից  ճակատոսկրերի միմյանց  սերտաճում եռանկյան տեսքով` տրիգոնոցեֆալիա: Երեխան շտապ վիրահատության կարիք ունի, բայց ՀՀ-ում  համապատասխան վիրահատություններ չեն իրականացվում: «ԷԽՈ» ՀԿ թիմը ցուցաբերում է ֆինանսական աջակցություն վիրահատության համար: Այժմ երեխան գտնվում է Գերմանիայում`ցանկանալով ազատվել հիվանդության ճիրաններից: Իսկ մենք ամբողջ հոգով հավատում ենք լուսավոր ու բարի ապագային:
Պատվով նայիր... 03.02.2013
Մարդ իրավունք ունի վերևից նայել դիմացինին միայն այն ժամանակ, երբ օգնում է նրան բարձրանալ: Իսկ գլխավորը երկար ու տառապալից ճանապարհը չէ, այլ աստիճանները, որոնք հաղթահարելիս ավելի լավ ես ճանաչում քեզ շրջապատող յուրաքանչյուրին: Մովսես Բաբաքյոխվյանը ծնվել է 03.09.2003թ. և աջ աչքի վիրահատության կարիք ունի: Երեխայի մոտ առկա է բարձր աստիճանի երկկողմանի կարճատեսություն (կատարակտա): «ԷԽՈ» ՀԿ թիմը «Վիտամին ակումբի» աջակցությամբ իր վրա է վերցրել վիրահատության և դեղորայքի բոլոր ծախսերը`երեխային հնարավորություն տալով ավելի լավ տեսնել աշխարհն իր ողջ գեղեցկությամբ:
Այս տարի ևս «ԷԽՈ» ՀԿ թիմը մեծ շուքով նշեց Ամանորը... 28.12.2012
Ի սրտե շնորհավորում ենք բոլորի Ամանորն ու Սուրբ Ծնունդը`ցանկանալով հաջողությամբ ու երջանկությամբ լի սիրառատ տարի: Թող 2013թ. լինի բարեկեցության, նպատակների իրականացման և հորիզոնների բացահայտման տարի: Թող այս տարի մեր երկրում իշխի խաղաղությունն ու բարօրությունը, իսկ յուրաքանչյուրիս հոգու խորքում`ջերմությունն, ուրախությունն ու սերը:Ինչպես ամեն տարի, այս տարի ևս «ԷԽՈ» ՀԿ թիմը մեծ շուքով նշեց Ամանորը`ևս մեկ անգամ պարգևելով ուրախ պահեր ու ջերմ ժպիտներ: Աշխույժ համերգային ծրագրի ավարտից հետո 100 շահառուները ստացան նվերներ, որին էլ հաջորդեց հաճելի հյուրասիրությունը:  «ԷԽՈ» ՀԿ թիմը սիրով  իր շնորհակալական խոսքն է  հայտնում բոլոր  հովանավորներին աջակցության համար, ինչպես նաև հատուկ շնորհակալություն անհատ հովանավորին`Վահե Դավթյանին: Իսկ վերջում ավելացնենք, որ այս կյանքում հրաշքներ իսկապես լինում են, միայն պետք է հավատալ, ամբողջ էությամբ հավատալ`հոգում ամփոփելով հույսի ու սիրո նշույլներ: Դիտել տեսանույթը...
«Նվերների աշխարհ» խորագրով ցուցահանդես…
15.12.2012
Սիրով հրավիրում ենք բոլորին մասնակցելու «Նվերների աշխարհ» խորագրով բարեգործական ցուցահանդես-վաճառքին, որը տեղի կունենա դեկտեմբերի 22-ին «Անի Պլազա» հյուրանոցում` Սայաթ-Նովայի պող., 19 շենք, ժամը՝ 11:00-ին: Կազմակերպիչն է «Ա.Կ.Լ. Հովհաննիսյաններ» ՍՊԸ-ն, որը ներառել է մոտ 100 կազմակերպություններ, որից մեկը «ԷԽՈ» հասարակական կազմակերպությունն է: Մենք ներկայացնելու ենք մեր շահառուների ձեռքի աշխատանքները` ցանկանալով հաշմանդամ անձանց տալ ոչ միայն հասարակության հետ ազատ շփման հնարավորություն, այլև պիտանի ու հետաքրքիր դարձնել նրանց առօրյան, ինտեգրել սոցիումին, որպեսզի ապագայում իրենք ունակ լինեն սեփական արհեստով հանապազօրյա հաց վաստակել: Սիրով սպասում ենք: Լրացուցիչ հարցերի և տեղեկությունների համար կարող եք զանգահարել՝ +374 (099) 144-488
Հաշմանդամների միջազգային օրը «ԷԽՈ» ՀԿ թիմի հետ…
03.12.2012

Լինելով յուրովի իր տեսակով, բնույթով ու խառնվածքով`մեզանից յուրաքանչյուրը լույս աշխարհ է գալիս մի որևէ նպատակով ու առաքինությամբ: Եվ կարևոր չէ նա հաշմանդամ է, թե ոչ, կարևորը անձի էությունն է, սրտի մեծությունն ու մարդկային որակը: Ցավալին հոգու հաշմանդամությունն է` առողջ մարդու հոգևոր հիվանդությունը…

Դեկտեմբերի 3-ը հաշմանդամների միջազգային օրն է, որը հաստատվել է ՄԱԿ-ի կողմից 1992 թվականին: 2010 թվականին Հայաստանը ստորագրել ու վավերացրել է ՄԱԿ-ի կոնվենցիան, որով պարտավորություններ է ստանձնել ստեղծել պայմաններ հաշմանդամների իրավունքների պաշտպանության և հավասար իրավունքներ ստեղծելու մասին: Ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի տարբեր մասերում կան հաշմանդամություն ունեցող անձինք, որոնք ունեն բազմաթիվ խնդիրներ: Այդ խնդիրները վերաբերվում են մեզանից յուրաքանչյուրին, հատկապես նրանց, ովքեր ամեն անգամ աչք են փակում`ցանկանալով չտեսնել ու չլսել: Իսկ իրականում պետք է ոչ միայն նկատել, այլև օգնել, ձեռք մեկնել, քանզի ոչ ոք ապահովագրված չէ հաշմանդամ լինելուց:2012թ. դեկտեմբերի 3-ին`հաշմանդամների միջազգային օրը, Մասիս քաղաքի «Մորենա» ռեստորանային համալիրում տեղի ունեցավ հաշմանդամ երեխաներին նվիրված համերգային հետաքրքիր միջոցառում: Տաղանդավոր երգիչների ուրախ երգերի ուղեկցությամբ կազմակերպվեցին խաղեր`երեխաներին պարգևելով ուրախ տրամադրություն ու անմոռանալի վայրկյաններ: Ինչպես միշտ «ԷԽՈ» ՀԿ թիմը ջանք ու եռանդ չխնայեց երեխաներին ուրախացնելու և նրանց օրը գեղեցկացնելու համար: Ողջ աշխատակազմը` հոգատարությամբ ու ջերմությամբ լի, ամեն կերպ ջանում էր երեխաների օրը տոն դարձնել`նրանց անուշիկ դեմքին գեղեցիկ ժպիտ նկարելով: Վերջում բոլոր երգիչները ստացան շնորհակալագրեր, իսկ 50 հաշմանդամ երեխաներին բաժանեցին նվերներ: Ինչպես նաև երկու սոցիալապես անապահով ընտանիքներին տրամադրվեց ֆինանսական օգնություն` հիսուն հազարական դրամ: Դրան էլ հաջորդեց ծնողների շնորհակալական խոսքը ուղղված «ԷԽՈ» ՀԿ թիմին ու բոլոր հովանավորներին: «ԷԽՈ» ՀԿ թիմն էլ իր հերթին իր շնորհակալական խոսքն է հայտնում բոլոր հովանավորներին ու գործընկերներին աջակցության համար: Դիտել տեսանույթը...

Վեհ ու առաքինի գործ է օգնել ու աջակցել կարիքավորին…
25.11.2012

Մելինե Ավշարյանը ծնվել է 08.12.95թ.: Նրա մոտ հայտնաբերվել է սուր միելոբլաստային լեյկոզ, որը առաջնային ակտիվ փուլում է: Նա ստացել է բուժման մեկ կուրսը և կարիք ունի ստանալու հաջորդը: Իսկ համապատասխան դեղորայքի ձեռքբերման համար անհրաժեշտ է ֆինանսական աջակցություն: Հարկավոր է 29 սրվակ «Ցիտոզար» դեղորայք: «ԷԽՈ» ՀԿ թիմը որոշում է անարձագանք չթողնել ծնողի խնդրանքը`հոգալով աղջկա ամբողջ բուժման ծախսերը:

Գնահատիր օրդ`օգնելով կարիքավորին…
21.11.2012

Եթե այսօր առավոտյան դու արթնացել ես առողջ, դու երջանիկ ես բոլոր այն մարդկանցից, ովքեր շարունակ պայքարում են իրենց կյանքի համար: Իսկ այդպիսի մարդիկ մեր օրերում, ցավոք, շատ են…

Գոհարիկ Խաչատրյանը ծնվել է 25.02.2006թ.: Ծնվելուց մի քանի ամիս անց երեխան վիրահատվել է, քանզի նրա մոտ բժիշկները հայտնաբերել են ողնուղեղի ճողվածք: 2008թ. օգոստոսին բուժվել է «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ նեֆրոլոգիական բաժանմունքում: Ուղեկցվող հիվանդություններն են`պարապարեզ, աջ ձեռքի պարեզ, ձախակողմյան հեմիպգենեգիդրոզ: Երեխային անհրաժեշտ է 3 ամիս հիպոթերապիայի կուրս: «ԷԽՈ» ՀԿ թիմը որոշում է անարձագանք չթողնել ծնողի խնդրանքը`հոգալով երեխայի ամբողջ բուժման ծախսերը:

Երջանիկ է այն հոգին, ով օգնում ու երջանկացնում է…
15.10.2012
Այսօր սիրո ու ջերմության կարիք ունեն բոլորը, հատկապես առողջական խնդիրներ ունեցող երեխաները, ովքեր, ցավոք, շատ են մեր օրերում: Արամ Ավետիսյանը ծնվել է 01.08.2007թ.: Երեխան փորացավով և ոտքերի ցավով ընդունվել է «Մուրացան» համալսարանական կլինիկա: Մանրամասն հետազոտությունների արդյունքում ախտորոշվել է սուր լիմֆոբլաստային լեյկոզ: Փոքրիկ Արամը 2012թ. մայիս ամսից առ այսօր գտնվում է ստացիոնալ բուժման մեջ: Բուժման ընթացքում ունեցել է տոկսիկ հեպատիտ: «ԷԽՈ» ՀԿ թիմը որոշում է անարձագանք չթողնել ծնողի խնդրանքը`հոգալով երեխայի ամբողջ բուժման ծախսերը: Մեր օրերում վեհ ու առաքինի արարք է սիրել, օգնել ու աջակցել կարիքավորին`ներթափանցելով սրտի ամենանեղ անկյունները: Հասկանում ես, որ իրական երջանկությունը սիրո մեջ է, որը ստուգվում է ուրիշների համար որևէ բան անելու պատրաստակամությամբ: Եվ աշխատելով ուրիշների երջանկության համար`մենք գտնում ենք մեր սեփականը:
Հաշմանդամ երեխաների հոգևոր ծնունդը…
10.10.2012

Մկրտությունը հոգևոր ծնունդ է և քրիստոնեական եկեղեցու կարևոր խորհուրդներից մեկն է, որը յուրաքանչյուրի կյանքում լինում է մեկ անգամ: Մկրտությունը կատարվում է Քրիստոսի տված շնորհով և նրա կողմից հաստատված խորհրդով: Մկրտվողը վերստին ծնվում է հոգով, մաքրվում մեղքերից`միախառնվելով աստվածային էությանը: Բայց կան այնպիսի մարդիկ, ովքեր սոցիալական ծանր վիճակից ելնելով չեն կարողանում մկրտվել, ստանալ հոգևոր ծնունդ: Այս հարցում ևս իր ողջ հոգատարությամբ ու ջերմությամբ օգնության է հասնում «ԷԽՈ» ՀԿ թիմը`միշտ պատրաստ նյութական և բարոյական աջակցության:
2012թ. հոկտեմբերի 10-ին Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի ունեցավ հինգ հաշմանդամ և սոցիալապես անապահով երեխաների մկրտության արարողությունը: Ստանալով հոգևոր ծնունդ`երեխաները ևս մեկ քայլով մոտեցան Աստծուն, աստվածային էությանն ու հոգևոր մաքրությանը: Մկրտության արարողությունից հետո սրճարանում տեղի ունեցավ հյուրասիրություն երեխաների և նրանց ծնողների համար: «ԷԽՈ» ՀԿ թիմը ջանք ու եռանդ չխնայեց երեխաներին հաճելի պահեր պարգևելու համար, իսկ աշխույժ ու կատակասեր ծաղրածուն ևս մեկ անգամ ստիպեց լիակատար ուրախանալ ու վայելել պահը: Այնուհետև բոլոր երեխաները ստացան անհրաժեշտ օգնություն: Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի հետազոտության համար տրամադրվեց 80.000 դրամ, լսողական ապարատի մարտկոցը գնելու համար` 5.000 դրամ, իսկ սոցիալապես անապահով ընտանիքին փայտ գնելու համար`50.000 դրամ: Ինչպես մկրտվող, այնպես էլ մյուս բոլոր երեխաները ստացան տաք հագուստ, որից նրանց անմեղ աչուկները հերթական անգամ լցվեցին ուրախությամբ ու հրճվանքով ողողված փայլով: Դրան էլ հաջորդեց ծնողների շնորհակալական խոսքը ուղղված «ԷԽՈ» ՀԿ թիմին ու բոլոր հովանավորներին: Այս ամենից հետո մնում է ավելացնել միայն, որ առաքինի գործ է օգնել և երջանկացնել դիմացինին: Եվ ճշմարիտ է այն միտքը, որ իրական երջանկությունը մարդկանց երջանկացնելու և նրանց դեմքին գեղեցիկ ժպիտ առաջացնելու մեջ է: Դիտել տեսանույթը...

Սեպտեմբերի մեկը կրկին «ԷԽՈ» ՀԿ թիմի հետ… 31.08.2012
Գիտելիքը հզոր ուժ է, որը միշտ էլ օգնում է ավելի ճիշտ ապրել` հարստացնելով մարդու միտքն ու հոգին: Կրթված մարդն, այնուամենայնիվ, գտնում է իր ճիշտ տեղն ու դիրքը` արժանանալով շրջապատի ուշադրությանն ու համակրանքին: Հայտնի է այն միտքը, որ մարդը ստեղծված է այն գրքերից, որոնք կարդացել է: Հետևաբար պետք է շարունակ լցնել ու հարստացնել գիտելիքների պաշարը`ձգտելով ինքնազարգացման և հոգու կատարելության: «ԷԽՈ» ՀԿ թիմը սրտանց շնորհավորում է բոլորին նոր ուսումնական տարվա մեկնարկի և գիտելիքի օրվա կապակցությամբ: Դեպի գիտելիքի աշխարհ մուտքն ազդարարող այս օրը բոլորիս տոնն է: Տոնական այս օրն առանձնակի ջերմությամբ մեր շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն ենք հղում բոլոր դպրոցականներին և հատկապես մեր առաջին դասարանցիներին: Ցանկանում ենք, որ գիտելիք ստանալու խանդավառությունն ու բարձր տրամադրությունը նրանց ուղեկցի ուսումնառության բոլոր տարիներին: Ահա այս տարի ևս «ԷԽՈ» հասարակական կազմակերպությունը իր օժանդակության տակ գտնվող թվով 105 հաշմանդամ և սոցիալապես անապահով դպրոցական երեխաներին բաժանել է գրենական պիտույքներ, հիգիենայի պարագաներ, ինչը սիրով մեզ Էր տրամադրել մեր մշտական գործընկեր «Ամքոր» ընկերությունը: Մեկ անգամ ևս շնորհավորելով կրթության բնագավառի բոլոր ներկայացուցիչներին գիտելիքի օրվա կապակցությամբ` մաղթում ենք բազմաթիվ նվաճումներ ու վերելքներ կյանքի առեղծվածային ճանապարհներում:
Քեզ հետ ենք… 17.07.2012
Վահե Սարգսյան՝ ծնված 26.09.2004թ.: Կլինիկական ախտորոշումը՝ լիմֆոբլաստային լիմֆոմա, 3-րդ ստադիա: Որովայնային տարածուն նորագոյացության հետևանքով 2012թ. կատարվել է վիրահատություն՝ մեծ ճարպոնի մասնատում և միջնորմի բիոպսիա: Երեխան կարիք ունի հետազոտման և բուժման ՝ մանկական օնկոլոգիական բաժանմունքում: Ծնողները դիմել են «ԷԽՈ» ՀԿ թիմին՝ ֆինանսական աջակցության ակնկալիքով՝ երեխայի քիմեոթերապիական կուրսն իրականացնելու համապատասխան դեղորայքի ձեռքբերման համար: «ԷԽՈ» ՀԿ թիմը, սիրով աջակցեց՝ երեխայի բուժման համար հատկացնելով 145.000 դրամ՝ ընդհանուր կուրսի համար պահանջվող անհրաժեշտ գումարը:

Լինելով յուրովի իր տեսակով, բնույթով ու խառնվածքով`մեզանից յուրաքանչյուրը լույս աշխարհ է գալիս մի որևէ նպատակով ու առաքինությամբ: Եվ կարևոր չէ նա հաշմանդամ է, թե ոչ, կարևորը անձի էությունն է, սրտի մեծությունն ու մարդկային որակը: Ցավալին հոգու հաշմանդամությունն է` առողջ մարդու հոգևոր հիվանդությունը…

Դեկտեմբերի 3-ը հաշմանդամների միջազգային օրն է, որը հաստատվել է ՄԱԿ-ի կողմից 1992 թվականին: 2010 թվականին Հայաստանը ստորագրել ու վավերացրել է ՄԱԿ-ի կոնվենցիան, որով պարտավորություններ է ստանձնել ստեղծել պայմաններ հաշմանդամների իրավունքների պաշտպանության և հավասար իրավունքներ ստեղծելու մասին: Ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի տարբեր մասերում կան հաշմանդամություն ունեցող անձինք, որոնք ունեն բազմաթիվ խնդիրներ: Այդ խնդիրները վերաբերվում են մեզանից յուրաքանչյուրին, հատկապես նրանց, ովքեր ամեն անգամ աչք են փակում`ցանկանալով չտեսնել ու չլսել: Իսկ իրականում պետք է ոչ միայն նկատել, այլև օգնել, ձեռք մեկնել, քանզի ոչ ոք ապահովագրված չէ հաշմանդամ լինելուց:

2012թ. դեկտեմբերի 3-ին`հաշմանդամների միջազգային օրը, Մասիս քաղաքի «Մորենա» ռեստորանային համալիրում տեղի ունեցավ հաշմանդամ երեխաներին նվիրված համերգային հետաքրքիր միջոցառում: Տաղանդավոր երգիչների ուրախ երգերի ուղեկցությամբ կազմակերպվեցին խաղեր`երեխաներին պարգևելով ուրախ տրամադրություն ու անմոռանալի վայրկյաններ: Ինչպես միշտ «ԷԽՈ» ՀԿ թիմը ջանք ու եռանդ չխնայեց երեխաներին ուրախացնելու և նրանց օրը գեղեցկացնելու համար: Ողջ աշխատակազմը` հոգատարությամբ ու ջերմությամբ լի, ամեն կերպ ջանում էր երեխաների օրը տոն դարձնել`նրանց անուշիկ դեմքին գեղեցիկ ժպիտ նկարելով: Վերջում բոլոր երգիչները ստացան շնորհակալագրեր, իսկ 50 հաշմանդամ երեխաներին բաժանեցին նվերներ: Դրան էլ հաջորդեց ծնողների շնորհակալական խոսքը ուղղված «ԷԽՈ» ՀԿ թիմին ու բոլոր հովանավորներին:

«ԷԽՈ» ՀԿ թիմն էլ իր հերթին իր շնորհակալական խոսքն է հայտնում բոլոր հովանավորներին ու գործընկերներին աջակցության համար:

1 2 3


Обновлен 23 мая 2014. Создан 15 окт 2011



Գործուն և նպատակային այսօրն է պայմանավորում ապագան: Ապագա, որին հասնելու համար մեզանից յուրաքանչյուրն, անգամ փոքր, իսկ ցանկության դեպքում` կարող է հնարավորինս սատար լինել նմանատիպ հոգսերով երեխաներին: Դու ևս կարող ես քո մասնակցությունն ունենալ հերթական ամսվա հրատապ ծրագրի իրականացմանը:

Գուցե դո՞ւ ես նրանցից մեկի աջակիցը…

ՄԱՍՆԱԿՑԻ՛Ր
Լրահոս

Տեսադարան
Մեր թիմի գործունեությանը կարող եք հետևել Ձեր իսկ նախնտրած սոցցանցերում
Անդամագրվելով ցանկացած սոցցանցերից մեկում և միանալով մեր խմբին՝ կկարողանանք քննարկումների և բանավեճերի միջոցով գտնել շատ հարցերի լուծումներ, որոնք փոքր-ինչ կթեթևացնեն մեր մտածմունքները, իսկ դուք կտեղեկանաք նորություններին և իրադարձություններին:
YOUTUBE FACEBOOK
TWITTER RSS BLOG WEBMAIL
top
«ԷԽՈ» ՀԿ © 2008 - 2014 | Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված ծրագրերը և մեդիա նյութերը պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին ՀՀ օրենսդրությամբ: Առանց «ԷԽՈ» ՀԿ թույլտվության արգելվում է տեղադրված ծրագրերի և մեդիա նյութերի վերարտադրումը, տարածումը, հարմարեցումը, այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը: