- Ինչպես է հիմնադրվել «ԷԽՈ» ՀԿ թիմը
Մանկուց
ունենալով հաշմանդամություն (ՄՈՒԿ–մանկական ուղեղային կաթված, ДЦП)`
խորապես գիտակցում և պատկերացնում եմ հաշմանդամություն ունեցող անձի ծանր առօրյան, կենցաղը և
դրանից ծագած բոլոր խնդիրները: Մայրս` Անժելա Օհանջանյանը, լինելով
հաշմանդամ երեխայի ծնող, իր իսկ մաշկի վրա զգացել է իրեն սպասվող հետագա
դժվարությունները և, այսպես ասած, փակ դռները: Ուստի նա իր իսկ ջանքերով,
միավորելով հաշմանդամ երեխաների ծնողներին, 2008 թվականին նախաձեռնեց և
հիմնադրեց «ԷԽՈ» հաշմանդամ երեխաներին և երիտասարդներին աջակցող
հասարակական կազմակերպությունը, որի առաջնային նպատակն է հաշմանդամություն
ունեցող մարդկանց իրավունքների պաշտպանությունն ու մատչելի պայմանների
ապահովումը:
Մեր
թիմը կայացավ, որովհետև անվերապահորեն ակտիվ մասնակցություն ունեին
հաշմանդամ երեխաների ծնողները, ովքեր նվիրվել էին հանուն իրենց երեխաների:
Գործունեության առանձնահատկությունը հաշմանդամ երեխաներին և երիտասարդներին
հուզող բոլոր բնագավառներին հավասարապես ուշադրություն դարձնելն է, ինչպես
նաև այդ ոլորտների հիմնախնդիրների լուծմանն ուղղված առավել նպատակահարմար
ծրագրերի իրականացումը:
Եվ
կարևորում եմ, որ այդ գործունեության հիմքում ընկած է կարգապահությունը,
թափանցիկությունը, փոխադարձ հարգանքն ու կառուցվածքային հստակությունը:
Առողջապահության նախարարության տվյալներով՝ Հայաստանում ապրում են մոտ 181
հազար հաշմանդամություն ունեցող մարդիկ, ովքեր ունեն բազմաթիվ առօրյա
խնդիրներ` բժշկության, կրթության, իրավունքի և անգամ հանապազօրյա հացի:
Քչերին կարող ենք տեսնել դպրոցներում, այգիներում, սրճարաններում կամ այլ
հասարակական վայրերում` բոլորի կողքին, բոլորին հավասար:
Հույս
ունենք, որ միգուցե նոր ծրագրեր կլինեն: Իշխանություններն ընդունում են,
որ չեն կարողանում հատուկ պայմաններ ապահովել տարբեր տարիքային խմբերի մեջ
մտնող հաշմանդամ անձանց համար, ինչպես նաև նպաստել նրանց սոցիալական
ինտեգրմանը` պատճառաբանելով այս ամենը ֆինանսական միջոցների պակասով:
Խնդիրները բավականին լուրջ են և նույնիսկ եվրոպական երկրներում այս տիպի
խնդիրները դեռևս ամբողջովին կարգավորված չեն:
Ուստի
հուսով եմ, որ «ԷԽՈ» հասարակական կազմակերպությունը հնարավորություն կտա
փոխադարձ կապի միջոցով վերհանել հաշմանդամ երեխաներին և երիտասարդներին
հուզող խնդիրները և փորձել միասնական ուժերով գտնել դրանց լուծման առավել
արդյունավետ ճանապարհները: Սակայն հարկ եմ համարում նորից հիշատակել, որ
աշխարհում ոչ մի անձ ապահովագրված չէ ո’չ հաշմանդամությունից և ո’չ էլ
հաշմանդամ երեխայի ծնող դառնալուց, հետևաբար, աջակցելով հաշմանդամ
երեխաներին և երիտասարդներին, յուրաքանչյուր անձ օգնում է ինքն իրեն…
|